Եվրոպական երկրների, Ճապոնիայի և Կանադայի համատեղ հայտարարությունը Հորմուզի նեղուցի վերաբերյալ

Եվրոպական առաջատար երկրները, Ճապոնիան և Կանադան համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ պատրաստ են միանալ Հորմուզի նեղուցով անվտանգ անցումն ապահովելու համար անհրաժեշտ ջանքերին և քայլեր կձեռնարկեն էներգետիկ շուկաները կայունացնելու համար։

«Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք Իրանի կողմից Պարսից ծոցում անզեն առևտրային նավերի վրա վերջերս կատարված հարձակումները, քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ նավթի և գազի կայանքների վրա հարձակումները, ինչպես նաև իրանական ուժերի կողմից Հորմուզի նեղուցի փաստացի փակումը: Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնում հակամարտության սրման վերաբերյալ։ Մենք կոչ ենք անում Իրանին անհապաղ դադարեցնել իր սպառնալիքները»,- ասվում է երկրների տարածած հայտարարությունում:

Իրանի գործողությունների հետևանքները կզգան աշխարհի բոլոր ծայրերում ապրող մարդիկ, հատկապես ամենախոցելի խմբերը, հայտարարում են Եվրոպայի առաջատար երկրները, Ճապոնիան և Կանադան:

Հայտարարություններից հետո նավթի գինը նվազել է՝ հասնելով 120 դոլարից իջնելով 107 դոլարի մեկ բարելի դիմաց: Կատարի էներգետիկայի նախարարն ասել է, որ Ռաս Լաֆանի հեղուկ գազի վրա իրանական հարձակման հետևանքով հանքավայրից արտահանումը կնվազի 17%-ով հաջորդ հինգ տարիներին, ինչի հետևանքով երկիրը տարեկան 20 միլիարդ դոլարի կորուս կունենա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի նոր առաջնորդն առաջին ուղերձում հայտարարել է՝ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ավելի վաղ հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա՝ որպես ճնշման գործիք։