Եթե ռուսական գազը 10 տոկոսով թանկանա, Հայաստանի գնաճի վրա կանդրադառնա մինչև 0.8 տոկոսով. ԿԲ նախագահ

Եթե ռուսական գազը տասը տոկոսով թանկանա Հայաստանի ընդհանուր գնաճի վրա կանդրադառնա մինչև 0.8 տոկոսով, հայտարարում է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Գլխավոր դրամատունը ստույգ հաշվարկներ թեև չունի, թե ինչ կլինի, եթե գազը թանկանա ԵԱՏՄ զեկույցում նշված չափով՝ 69 տոկոսով, սակայն գնահատել են, թե ինչ կլինի, եթե սպառողներին հասնող կապույտ վառելիքը թանկանա տասը տոկոսով:

Կենտրոնական բանկի նախագահի ներկայացրած հաշվարկն ու գնահատականը նշանակում են, որ եթե, օրինակ, այժմ ռուսական գազը թանկանա, սեպտեմբերի տվյալներով 4.3 տոկոս ընդհանուր գնաճը կհասնի 5.1 տոկոսի:

«Մենք չենք արել 70 կամ ավելի քան 60 տոկոսի հաշվարկ, մեզ դա չէր հետաքրքրում, որովհետև այդ զեկույցի մեջ չկար քաղաքականության արձագանքի էլեմետը, այսինքն ենթադրվում է, որ եթե գներն այդքան թանկանալու են Հայստանի պատկան մարմինները հակազդելու ինչ-որ քաղաքականություն են իրականացնելու, որպեսզի գների բարձրացումը նույն կերպ չարտացոլվի մարդկանց կամ տնտեսության վրա», - նշեց Գալստյանը:

Հոկտեմբերին հրապարակված ԵԱՏՄ զեկույցում ըստ ոլորտների կանխատեսումներ էին արվել ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման դեպքում, մասնավորապես՝ թե երկրի կողմից արտադրվող ապրանքների արտահանումը կնվազի 30-50 տոկոսով, ներկրումը կնվազի գրեթե կիսով չափ, ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը կնվազի 55.6 տոկոսով, երկրի ՀՆԱ-ն կնվազի 15.6 տոկոսով, գազի գինը Հայաստանի համար կաճի 69 տոկոսով և այլն:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հայտարարել է, որ գազի գնի փոփոխությունը կարող է Հայաստանի տնտեսության վրա 5-7 տոկոս կամ ավելի ազդեցություն ունենալ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գազի գնի բարձրացումը խիստ անցանկալի է. Գևորգ Պապոյան