Հայաստանի վարչապետն այսօր հայտարարեց, թե Երևանին այլ բան չի մնա, քան ընդունել ՀԱՊԿ-ից հեռացման որոշումը, եթե ռազմական դաշինքի անդամները նման քայլի դիմեն։
«Գիտեմ, որ ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա, գործում է, և եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք էդ որոշումն ընդունել ի գիտություն, ուրիշ բան անելու չունենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ազատության» հարցին՝ Հայաստանը շարունակելո՞ւ է չվճարել անդամավճարները, թե՞ հնարավո՞ր է առաջիկայում վերանայել դիրքորոշումը, Փաշինյանը պատասխանեց. «Չենք պատրաստվում որևէ բան փոխել»։
Այսինքն՝ վարչապետին չի՞ մտահոգում այդ իրավիճակը։ Փաշինյանը դրական պատասխանեց՝ ասելով. «Այո, դա է նշանակում։ Ինձ չի մտահոգում»։
Երեկ՝ կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստից հետո, Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ՀԱՊԿ երկրները համաձայնել են քննարկել Հայաստանի նկատմամբ քայլեր ձեռնարկելու հարցը՝ կազմակերպության կանոնադրությանը համապատասխան։ ՌԴ արտգործնախարարը պատճառաբանել էր, թե գնում են այդ քայլին, քանի որ Երևանը երկու տարուց ավելի է՝ անդամավճար չի մուծել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՀԱՊԿ երկրները համաձայնել են քննարկել Հայաստանի նկատմամբ քայլերը. Լավրով«Հայաստանում ընտրությունների օրը իմ գործընկեր Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին ի պատասխան, ասել է, թե Հայաստանը անդամավճար չի մուծում, քանի որ չի մասնակցում կազմակերպության աշխատանքին։ Մենք այսօր քննարկել ենք, թե ինչ է անհրաժեշտ անել այս իրավիճակում», ասել էր Լավրովը։
ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունը չի կատարում իր պարտավորությունները կազմակերպության բյուջեի նկատմամբ, Խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության քաղաքացիների՝ ՀԱՊԿ շրջանակներում քվոտային պաշտոններում առաջադրվելու իրավունքը, ինչպես նաև նրանց զրկել Կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից՝ մինչև պարտքի լրիվ մարումը։
Կանոնադրության 20-րդ հոդվածն էլ նշում է, որ եթե անդամ երկրներից մեկը չի կատարում իր պարտավորությունները, կազմակերպության խորհուրդը կարող է կասեցնել այդ երկրի մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը, իսկ եթե միտումը շարունակվի՝ որոշում կայացնել այդ երկիրը կազմակերպությունից հեռացնելու մասին։
Սերգեյ Լավրովը նաև հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի հետ կապված իրավիճակը հրատապ է և պետք է արագ լուծվի։ Ի՞նչ նկատի ունի ռուսական կողմը՝ «հրատապ լուծում» ասելով, պաշտոնական Երևանն արագ լուծումներ տեսնո՞ւմ է։
Վարչապետն այսօր լրագրողներին ասաց, որ ԵԱՏՄ-ի մասով նախկինում բազմիցս մեկնաբանություններով է հանդես եկել, հետևաբար նոր բան չունի հավելելու։
Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ համաձայնագրի մեխանիզմը սառեցնելու հարցը նախատեսվում է քննարկել մինչև դեկտեմբեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԵԱՏՄ 4 երկրները հայտարարում են՝ ՀՀ-ի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին, Երևանը դեռ չի արձագանքումՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին հայտարարել էր, որ ճիշտ կլիներ, որպեսզի Հայաստանում հանրաքվե անցկացվեր՝ Եվրամիության հետ համագործակցության զարգացման հարցով։ Այդ դեպքում, ըստ նրա, Ռուսաստանը կարող էր համապատասխան հետևություններ անել և գնալ «քաղաքակիրթ ապահարզանի» ճանապարհով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՀՀ-ն առաջիկայում հանրաքվե չի անցկացնի ԵՄ-ին անդամակցելու հարցով. Փաշինյանն արձագանքել է ԵԱՏՄ երկրների ղեկավարների նամակինՀայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ հակված չեն սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Պաշտոնական Երևանը քանիցս ընդգծել է նաև, որ տվյալ պահին չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։