«Եթե Գարեգին Բ-ն կամ Կտրիճ Ներսիսյանն ընդունի այս օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ այդ օրակարգը». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում իր ամփոփիչ ելույթում հայտնեց. «Եթե Գարեգին Բ-ն կամ Կտրիճ Ներսիսյանը ընդունի այս [բարենորոգման-խմբ.] օրակարգը, ես այս ամբիոնից հանդիսավոր ասում եմ, որ ես կնստեմ և իր հետ կքննարկեմ ամենայն հարգանքով այդ օրակարգը: Ես երբեք չեմ ասել, որ կան մերոնքականներ և ոչ մերոնքականներ, որոնց մի մասը կարող է բարեվարքության կանոնները պահի, մյուս մասը չպահի», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի երեկվա հայտարարությանը, թե Փաշինյանը եկեղեցին «Նավասարդ կճոյաններով է բարենորոգում»:

Վարչապետ Փաշինյանը հայտնեց նաև, որ կառավարությունն ամենաուշը մեկ ամսվա ընթացքում Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցում հաստատված ճգնաժամի վերաբերյալ զեկույց կհրապարակի.

«Ես առաջարկելու եմ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծել, այդ բոլոր փաստերը քննել և արդյունքում ընդունել օրենսդրական փոփոխություններ»,- ասաց վարչապետը։

Վարչապետ Փաշինյանը դեռ երեկ տեղեկացրել էր, որ իր հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում՝ Առաքելական եկեղեցում առաջացած «համակարգային ճգնաժամի» մասին: Հիշեցրեց՝ եկեղեցու բարենորոգման օրակարգը նույնպես ընդգրկված է իր կառավարության հնգամյա ծրագրում: