«Մեր ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին՝ նպաստելով այս իշխանությունների վերարտադրման կասեցմանը»,- այս մասին այսօր հայտարարեց «Հանրապետականը» ղեկավարող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Օրեր առաջ հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետականը» որոշում է կայացրել չմասնակցել հունիսի 7-ի ընտրություններին: 2018-ից հետո իշխանությունը կորցրած երբեմնի հզոր ուժը նշել էր, թե «անմիջական չի մասնակցի» ընտրություններին:
«Ես գիտեմ, որ այս որոշումը մի մասի սրտով չի: Ես գիտեմ, որ մենք ճիշտ աշխատանքի դեպքում կհաղթահարեինք կուսակցության համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը: Բայց ես գիտեմ նաև մեկ այլ ճշմարտություն, որը վերահաստատում եմ՝ մեզ իշխանափոխություն է պետք, մեզ չի հետաքրքրում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը: Ուղղակիորեն չմասնակցելով այս ընտրություններին «Հանրապետականը» քաղաքական զարգացումների կիզակետում շարունակելու է մնալ պայքարի առաջամարտիկներից մեկը»,- այսօր կուսակցության համագումարում հայտարարեց երրորդ նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սամվել Կարապետյանը դեռ բանակցում է, Սերժ Սարգսյանը չի մասնակցում, Ծառուկյանը բլոտ է խաղումՍերժ Սարգսյանը ներկայացրեց, թե ինչու են որոշել չմասնակցել խորհրդարանական ընտրություններին.
«Որպեսզի էլ ավելի չպառակտենք ընդդիմադիր դաշտը, հնարավորություն տանք սեփական խոստումները կյանքի կոչելու բոլոր այն ուժերին, որոնց թվում է, թե իբր իրենց կարծիքով մեզ պիտակավորող «նախկինները խանգարում են իշխանափոխություն անել», քաղաքական դաշտում սեփական եսը, ներկուսակցական շահերը, սեփական քաղաքական հաշվարկները հանուն ընդհանուր հաջողության չստորադասելու օրինակ ծառայենք և մանրակրկիտ արված սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ Հանրապետականները և մեր համակիրները գրեթե առանց բացառությունների պատրաստվում են մասնակցել ընտրություններին և քվեարկել միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին: Այսինքն՝ մեր ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին՝ նպաստելով այս իշխանությունների վերարտադրման կասեցմանը»,- ասաց Սարգսյանը:
Երրորդ նախագահը խոսեց սպասվող ակցիաների, տեղեկատվական արշավների մասին.- «Մենք հայտարարում ենք, որ Հանրապետական կուսակցության գործունեությունը այս համագումարից սկսած մինչև հունիսի 7-ը ուղղված է լինելու համապետական այդ ընտրություններին մեր հայրենակիցների մասնակցության խթանմանը՝ «Գնա, որ գնան» կարգախոսի ներքո՝ տարաբնույթ ակցիաներով, քարոզչությամբ, տեղեկատվական արշավներով, բնակիչների հետ հանդիպումներով»,- շեշտեց Սերժ Սարգսյանը: