«Ես եմ ու դուք եք»-ից մինչև «դատարանն է ու դուք». 16 տարվա անպատասխան աղաղակ

Նանա Մուրադյան, արխիվ

16 տարվա պայքար ու հիասթափություն. պետությունից արդարադատություն պահանջող որդեկորույս Նանա Մուրադյանը շաբաթ օրը Արմավիրի փողոցներում մոտեցավ այնտեղ քարոզարշավ անող վարչապետին, փորձեց բացատրել իր դժգոհությունը, բայց այդպես էլ չհասկացվեց:

«Այո, խաբված ենք զգում: Հույս ունեինք, հեղափոխություն եղավ, մենք շատ ոգևորված էինք՝ մայրերովս, մեր ընտանիքներով, ոգևորված էինք, ասում էինք՝ մի բան փոխվեց, վերջապես, մի բան կփոխվի: Ոչինչ էլ չի փոխվել, նորից նույն բանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մուրադյանը:

Որդու՝ 18-ամյա Վալերիկ Մուրադյանի մահվան վարկածն ինքնասպանություն էր թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանության օրոք: Զինվորին կախված էին գտել զորամասում:

Ծնողները, սակայն, տարիներ շարունակ պնդում են՝ տղային սպանել են, հետո՝ կախել: Նանա Մուրադյանի համար Արմավիրի այդ կարճ հանդիպումը ևս մեկ անպատասխան մնացած աղաղակ էր։

«Գործը գնացել ա դատարան», - ասում էր վարչապետը;

«Գնացել ա դատարան, գնացել ա դատարան գործը, բայց ի՞նչ ձևի ա գնացել՝ էլի ինքնասպանությանը հասցնելով: Մենք ասում ենք՝ մեր էրեխեքի սպանության գործերը պետք է վերաորակում ստանան, հոդվածները փոխվեն: Որովհետև իմ էրեխեն ինքնասպան չի եղել, սպանել են իմ էրեխուն, փաստերը կա», - պնդում էր որդեկորույս մայրը:

«Ես ի՞նչ պետք ա անեմ, մի հատ ասեք՝ ես ինչ պետք ա անե՞մ: Հարգելիս, գործը վերաորակվում ա փաստական հիմքի վրա: Մենք ձեզ խոստացել ենք, որ գործը կքննենք, կուղարկենք դատարան: Գործը քննվել ա, ուղարկվել դատարան, հիմա դատարանում պետք ա որոշվի: Ինձ հանդիպեք, չհանդիպեք, հենա հանդիպում եք, ես չեմ կարա ոչ մի բան անեմ», - պատասխանում էր Նիկոլ Փաշինյանը:

Ի՞նչ քննություն, եթե նույն՝ ինքնասպանության վարկածն է, նեղսրտում է սուգը սրտում փողոցում արդարադատություն փնտրող մայրը:

«Մեզ տվել են այ էս եզրակացությունները, կոնկրետ իմ գործով 81 էջ: 81 էջ, բայց բազմաթիվ մեջը փաստեր, որ ամբողջ քրեական գործը խախտումներով են արել, ոչ մի իրեղեն ապացույց չեն վերցրել, ի սկզբանե ամեն ինչը ոչնչացվել ա, հետքերը վերացվել ա, ոչ մի բանը չի համապատասխանում», - «Ազատությանը» ասաց Նոնա Մուրադյանը:

Տարիներ առաջ վարչապետի օգնականը՝ այժմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ուսումնասիրել էր Վալերիկ Մուրադյանի գործի հատորները, արձանագրել քննության թերությունները:

«Քրեական գործում առկա են ինքնասպանության վարկածը կասկածի տակ դնող մի շարք հանգամանքներ», - նշված է այն ժամանակ վարչապետի օգնականի կազմած զեկույցում: Աշխատանքային խումբը Քննչականին բազմաթիվ առաջարկներ էր արել, բայց դրանցից ոչ մեկը տեղ չէր գտել նոր քննության մեջ, ասում է մայրը:

«Ինքը վարչապետին երբ որ ներկայացնում էր, ասում էր՝ էս մայրերը ճիշտ են: Ես էն օրը վարչապետին Արմավիրում որ կանգնեցրեցի, ասում եմ՝ «պարոն Փաշինյան, ձեզ Աննա Վարդապետյանը ասել ա, որ էս մայրերը ճիշտ են», ինքը ինձ ընդհատում ա, չի թողնում խոսամ», - նշեց Մուրադյանը:

Արդեն գլխավոր դատախազ Վարդապետյանի օրոք գործն ուղարկվել է դատարան նույն՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Ամիսներ առաջ դատախազ Դավիթ Նավասարդյանը Հանրայինին պատմել էր, թե ինչ նոր բացահայտումներ են արել. - «Իրականացվել են վկաների լրացուցիչ հարցաքննություններ, առերես հարցաքննություններ, առկա փորձագիտական եզրակացությունների շուրջ հարցաքննվել էին փորձագետները»:

Այժմ կա մեկ մեղադրյալ՝ ծառայակիցն է, բայց վարչապետին մոտեցած ծնողը փորձում էր ասել, որ ողբերգությունն ինքնասպանություն չէր, այլ՝ մի խումբ ծառայակիցների կողմից դաժան սպանություն:

«Նստենք քննարկենք էս հարցը, ի վերջո, ես էլի քանի՞ տարի պիտի սենց սպասեմ», - վարչապետին ասում էր Նոնա Մուրադյանը:

«Բայց ես ուրիշ բան ... ներողություն եմ խնդրում, ընդունեմ՝ մեկ ա ուրիշ բան, ինչ որ հիմա ասեցի, չեմ կարա ասեմ», - արձագանքում էր վարչապետը:

«Դուք լիքը բաներ չգիտեք, պարոն Փաշինյան, ինչ ա կատարվում էս երկրում», - շարունակում էր որդեկորույս մայրը:

«Հարգելիս, ինձ պետք չի իմանալ, որովհետև ես ձեզ խոստացել եմ, որ գործը կբացվի, կուղարկվի դատարան, գործը ուղարկվել ա», - պատասխանում էր վարչապետը:

Փաշինյանն էր իր իշխանության առաջին տարիներին ընդունել որդիների զոհվելու պաշտոնական վարկածը հերքող մի խումբ ծնողների, հավաստիացրել՝ կփորձեն աջակցել բացահայտել իրականությունը:

«Կոպիտ ասած՝ այլընտրանքային քննչական խումբ ենք ստեղծում: Ահավոր մեծ բան եմ վերցնում իմ վրա, հիմա էլ չի լինելու ուրիշի վրա քցել, էլ չկա, մոռացանք, ես եմ ու դուք եք», - հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Այժմ, երբ վարչապետը համոզված է՝ ինքն արել է իր գործը, Նանա Մուրադյանը մնացել է իրավական հորձանուտում՝ ձեռքին ունենալով վարչապետի որոշմամբ ստեղծված խմբի գրած մի զեկույց, որն այդպես էլ իրավական ուժ չստացավ:

16 տարի անց «ես եմ ու դուք եք» բանաձևը վերածվել է «դատարանն է ու դուք» անտարբերությանը, ասում է հուսահատված մայրը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների ծնողները հաստատակամ են ճշմարտության բացահայտմանը հասնելու իրենց պայքարում«Չբարեփոխված դատական համակարգում ճշմարտությունը դժվար թե գտնվի». որդեկորույս մայրերԶինծառայողների մահվան հինգ աղմկահարույց քրեական գործ կվերանայվիՈրդեկորույս ծնողները հուսով են, որ վարչապետի հետ հանդիպումից հետո իրենց զավակների գործերը կվերանայվեն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը նոր հույս է արթնացրել որդեկորույս ծնողների մոտ