«Ես բողոքարկելու եմ». ՔՊ-ում որոշել են, որ Հայկ Սարգսյանը նախընտրական ցուցակում չլինի

«Քաղաքացիական պայմանագրի» հնաբնակներից ու Նիկոլ Փաշինյանի զինակիցներից Հայկ Սարգսյանին մերժել են սեփական թիմում: ՔՊ վարչությունը չի հաստատել նրա թեկնածությունը, որոշել են՝ 2026-ի նախընտրական ցուցակում պատգամավորի անունը չի լինի:

«Կարճ քննարկման արդյունքում ինձ տեղեկացրել են, որ վարչությունը որոշել է մերժել իմ առաջադրումը», - ասաց Սարգսյանը:

Իշխող թիմում սկսել են թեկնածուների, այսպես ասած, քասթինգը: Վարչությունը քննում է ինքնառաջադրված թեկնածուներին ու որոշում հաստատել կամ մերժել նրանց թեկնածությունը: Հայկ Սարգսյանին էլ են քննել ու մեծամասնությունը դեմ է քվեարկել: Ընդ որում մերժման մասին էլ ուղիղ չեն ասել, այլ անդամներից մեկի միջոցով փոխանցել են, որ նրա թեկնածությունը չեն հաստատել:

«Ես ունեմ 2 ճանապարհ. առաջին, գնալ տուն ու չլինել հաջորդ ցուցակում, երկրորդ, բողոքարկել վարչության որոշումը՝ իրացնելով իմ կուսակցականի իրավունքները», - նշեց Հայկ Սարգսյանը:

33-ամյա Սարգսյանը թիմի այս որոշման հետ չի հաշտվելու, պայքարելու է իր ընկեր Փաշինյանի գլխավորած կուսակցության ցուցակում իր տեղի համար: Ասում է՝ դեռ 2006-ից է Փաշինյանի պայքարին միացել, իսկ «Քաղաքացիական պայմանագրին» հիմնադրման օրվանից. «Ես բողոքարկելու եմ վարչության որոշումը: Ես ոչ թե ցանկանում եմ ունենալ անցողիկ տեղ, ես ցանկանում եմ իրացնել իմ իրավունքը»:

Ինչո՞ւ են մերժել Սարգսյանի թեկնածությունը

Ինչո՞ւ են վարչապետ Փաշինյանի թիմում կուսակցության հնաբնակին մերժել. «Ինձ որևէ հիմնավորում չի ներկայացվել»:

Սարգսյանը համոզված է՝ օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելու իր նախագծի պատճառով. «Ես իմ գործունեությամբ «ցավացրել» եմ որոշ մարդկանց: Ամենախնդրահարույց օրենքի նախագիծը, որի պատճառով վարչության անդամներից մի քանիսը կամ մեկի գլխավորությամբ որոշել են մերժել իմ առաջադրվելու իրավունքը, կայանում է հետևյալում՝ ես օրենքի նախագիծ եմ հեղինակել, սկզբնական շրջանում դրան դեմ է եղել Ֆինանսների նախարարությունը, ՊԵԿ-ը, խոսքը վերաբերում է օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելուն»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խորհրդարանը քննարկում է խաղային բիզնեսի տուրքը կրկնապատկող օրինագիծը

Հայկ Սարգսյանը կարծում է, որ իշխող կուսակցության վարչության միջոցով իր դեմ են դուրս եկել, քանի որ իր հեղինակած օրենքը նրանց գրպանին է հարվածել: Հունվարից ստիպված են լինելու մոտ 71 միլիոն դոլար հարկ վճարել:

«Այդ գումարները, որ մուտքագրվել են պետական բյուջե, նախկինում գնացել են այդ մարդկանց գրպանները, ովքեր այդ խոշոր ընկերությունների սեփականատերերն են ու միլիարդատերեր են», - ընդգծեց նա:

ՔՊ-ից ովքե՞ր են նրանց շահերը առաջ տանում, Սարգսյանը անուններ չի նշում:

Ըստ մամուլի՝ այս նախագծի պատճառով Հայկ Սարգսյանի հարաբերությունները հատկապես սրվել էին ԱԺ նախագահի հետ: Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հերքել էր, թե բուքմեյքերական ընկերությունների շահերն է առաջ մղում: ՔՊ-ականների լարվածությունն ընդհուպ կուսակցությունում քննարկման առարկա դարձավ, և նկատողություն ստացավ միայն Սարգսյանը ստացավ:

«Միակ պատգամավորն եմ եղել, ով այս հարցերը բարձրացրել է և պայքարելով հասել եմ արդյունքի՝ ի շահ մեր պետության վտանգելով նաև իմ սեփական կյանքը»:

«Քաղաքացիական պայմանագրի» հնաբնակ Սարգսյանին վարչության մեծամասնությունը դեմ է քվեարկել, երեք հոգի է կողմ եղել: Սարգսյանից բացի մերժել են նաև նորաթուխ պատգամավոր Ջուլիետա Ազարյանին, Հայկ Ցիրունյանին, Կարեն Սարուխանյանին:

Երկու օր է՝ Կարեն Սարուխանյանը խուսափում է լրագրողների հարցերից ու չի ասում՝ իրեն ինչո՞ւ են մերժել: Այս ՔՊ-ականի անունը ամիսներ առաջ թմրանյութի սկանդալի հետ կապվեց: Անգամ կուսակցությունում նրա հարցը քննարկեցին, ինքն էլ թմրանյութի թեստ հանձնեց:

Ի՞նչ սկզբունքով է Փաշինյանի թիմը ձևավորում ընտրական ցուցակը, թեկնածուներին ի՞նչ չափորոշիչներով են հաստատում, իր իրավունքների համար պայքարող Հայկ Սարգսյանն էլ չի հասկացել. «Խնդիրներից մեկը դա է, որ բազմաթիվ հարցեր դեռևս որոշված չեն: Առաջին հարցը չափորոշիչների հարցն է, թե ինչ չափորոշիչներով պետք է կուսակցականը հավակնի, այսինքն, որ չափորոշիչներն է, որ պետք է ինքը բավարարի, որպեսզի հնարավորություն ունենա առաջադրվելու»:

2026-ին իշխանական ցուցակում հայտնվելու համար 380 թեկնածու է առաջադրվել: Մի մասին արդեն քննել են:

Վարչության վերջին նիստից հրապարակված կադրերում նախարարներն էին, արդյոք նրանց էլ են քննել ու նոր մերժվածներ կա՞ն, դեռ հայտնի չէ: «Քաղաքացիական պայմանագիրը» այս մասին տեղեկություններ չի հրապարակում,. Լրատվամիջոցներն են սեփական աղբյուրներով իշխանական կուսակցությունում կատարվող իրադարձությունների մասին պատմում: Կուսակցական ցուցակից դուրս մնացածներից վարչության որոշման դեմ առայժմ դուրս է եկել միայն Հայկ Սարգսյանը: