«Երկաթուղին նորոգելու ենք», - ասում է վարչապետը. ըստ նախարարների՝ ռուսների հետ քննարկումները շարունակվում են

Հայաստան - Դեպի Նախիջևան չգործող երկաթուղու Երասխ կայարանը, արխիվ

«Մենք նաև Երասխի հանգույցի նորոգումն ենք սկսելու, ընդ որում, Հայաստանի կառավարությունն իր վրա է վերցնելու, չնայած կոնցեսիոն պայմանագիր կա, մենք ներդրում ենք անելու և երկաթուղին նորոգելու ենք, վերականգնելու ենք, և երկաթուղին բացվելու է». - վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից ընդամենը մեկ օր անց նրա կաբինետի անդամներ Արարատ Միրզոյանն ու Դավիթ Խուդաթյանը հայտարարում են՝ երկաթուղու այս հատվածների վերականգնման հարցով ռուսական կողմի հետ քննարկումները շարունակվում են:

«Էն բացակայող երկաթուղու հատվածը, որը որ չկա, և հետևաբար՝ Գյումրի - Կարս կապը չի գործում, պետք է կառուցվի: Հիմա, խոսում ենք ռուսաստանցի գործընկերների հետ, կստացվի իրենց հետ համատեղ՝ կստացվի, չի ստացվի՝ որևէ այլ լուծում կգտնենք, բայց էդ հարցը պետք է լուծվի», - ասաց արտգործնախարար Միրզոյանը:

Եթե երկաթուղու կառուցման շուրջ խոսակցությունը ռուսական կողմի հետ դեռ շարունակվում է և քննարկումները չեն տապալվել, այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե Հայաստանի կառավարությունն է այդ երկաթուղու այդ հատվածների վերականգնման համար ներդրումներն անելու: Միրզոյանն այս մասին չխոսեց, բայց պնդեց, թե մոտ ապագայում կբացվի Հայաստան - Թուրքիա սահմանն ու կվերագործարկվի Կարս-Գյումրի երկաթուղին:

Անցած տարեվերջին Երևանը դիմել էր Մոսկվային Երասխի և Ախուրիկի հատվածներում երկաթուղային ենթակառուցվածները վերականգնելու հարցով: «Մենք հույս ունենք՝ Ռուսաստանի Դաշնության գործընկերները էդ աշխատանքները հնարավորինս արագ կիրականացնեն», - ասել էր վարչապետը:

Ավելին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր՝ եթե ռուսական կողմը դա չանի պատշաճ ժամկետում, ապա դա կանեն Հայաստանի պետբյուջեի միջոցներով:

Տարածքային կառավարման նախարարն այսօր ասաց՝ վերականգնման ենթակա երկաթուղու հատվածներն այժմ ուսումնասիրվում են: Իսկ ռուսական կողմը ներդրումներ անելո՞ւ է. Դավիթ Խուդաթյանը ևս նշեց, թե ռուսական կողմի հետ քննարկումներն ամփոփված չեն:

«Քննարկումներ ենք ունեցել գործընկերների հետ, էդ քննարկումները դեռևս ամփոփված չեն, երբ որ ամփոփվեն, պատշաճ տեղեկատվություն կփոխանցենք ձեզ դրա մասին: Մենք քննարկումներ ունենք և պարբերաբար էս թեմայով քննարկումներ ունենում ենք», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Խուդաթյանը:

Երասխի և Ախուրիկի երկաթուղային հատվածները վերականգնելու առաջարկից շատ չէր անցնել, երբ Երևանը փետրվարին բարձրաձայնեց արդեն հայկական երկաթուղու կառավարումը ռուսական կողմից վերցնելու անհրաժեշտության մասին: Ռուս պաշտոնյաները սրան կոշտ էին արձագանքել, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն անգամ իր տարակուսանքն էր հայտնել՝ շեշտելով. - «Ինչո՞ւ էր պետք հրավիրել Ռուսաստանին վերականգնելու երկաթուղու երկու կարճ հատվածները, եթե դուք չեք տեսնում նրա հետագա մասնակցությունը տարածաշրջանում տրանսպորտային կապվածության զարգացման գործում։ Համաձայնեք, որ խոսել մեկ բան, իսկ անել լիովին այլ բան՝ հարաբերությունների զարգացման լավագույն ուղին չէ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմնավորել էր, թե ռուսական կառավարման պատճառով հայկական երկաթուղին կորցնում է իր մրցակցային առավելությունները, նշելով նաև, թե տեսնում է Հայաստանը շրջանցելու վտանգ:

«Մենք տեսնում ենք, որ սա բյուրեղանում է, և կողմնակիցները, որ, այո, ուրեմն պետք է Հայաստանը շրջանցել, նկատի ունեմ՝ Նախիջևանից հետո, մեծանում են», - ասել էր Փաշինյանը:

Արդեն երեկ վարչապետը ներկայացնում էր՝ երկաթուղին Մեղրիով մտնելու է Նախիջևան, հետո հասնելու է Երասխ, այնտեղից՝ Գյումրի, ապա մտնելու է Թուրքիա: Թե ինչ է փոխվել անցած երկու-երեք ամիսներին, որ վարչապետն այլևս Հայաստանը շրջանցելու վտանգ չի տեսնում, հայտնի չէ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ռուսական կողմի հետ քննարկումները դեռ ամփոփված չեն». տարածքային կառավարման նախարարՀայաստանը շահագրգռված չէ խզել Ռուսաստանի հետ քաղաքական և տնտեսական կապերը. ՄիրզոյանՌուսների հետ բանակցությունները տապալվե՞լ են. Երասխի երկաթուղին ՀՀ կառավարությունը կվերանորոգի Ախալքալաք–Կարս երկաթուղին բաց է Հայաստանի արտահանումների ու ներմուծումների համար. Փաշինյան