Այսօր Ադրբեջանի Լաչին քաղաքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ ոլորտը համակարգող գերատեսչությունների պաշտոնյաներն ու ընկերությունների ներկայացիչները և քննարկել «երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները», հայտնում է Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը:
Այս հանդիպումը հաջորդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին արած հայտարարությանը, թե մեծ է հավանականությունը, որ TRIPP-ի շրջանակում առաջինը կգործարկեն էլեկտականության հաղորդման ենթակառուցվածքը.
«Տեխնիկապես համեմատաբար հեշտ է արագ ավարտին հասցնելը, և հետո՝ էլեկտրաէներգիայի աշխարհում աճող պահանջարկը ստիպում է ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանից էլեկտրական էներգիայի արտահանման նախագծերին»,- ասել էր վարչապետ Փաշինյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ այս ամիս հայտնեց, որ Ադրբեջանից Սյունիքով Նախիջևան էլեկտրամատակարարման նախագիծը պատրաստ է ու իրագործման համար առավելագույնը վեց ամիս կպահանջվի։ Ըստ Ալիևի՝ ադրբեջանցի մասնագետներն արդեն Հայաստանի տարածքում վերլուծություններ են անցկացրել ու որոշել, թե որտեղ են տեղադրվելու էլեկտրասյուները: Ավելին՝ նույնիսկ Հայաստանին առաջարկեց իրենցից հոսանք գնել:
«Մեր մասնագետների կողմից Հայաստանի տարածքում անցկացված վերլուծության արդյունքում՝ նույնիսկ որոշվել են այն վայրերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրասյուները։ Առաջին հերթին՝ իրենք կարող են դրա կարիքն ունենալ, քանի որ այսօր նրանց էներգիայի հիմնական աղբյուրն ատոմակայանն է, որի կառավարումը նրանց ձեռքում չէ։ Կայանի շահագործման ժամկետի երկարաձգումը չի կարող անվերջ գործընթաց լինել։ Վաղ թե ուշ այն պետք է փակվի։ Բնականաբար, եթե այն փակվի, Հայաստանը կընկղմվի էներգետիկ լիակատար ճգնաժամի մեջ։ Հետևաբար, էներգիայի լրացուցիչ աղբյուրը միայն օգուտ կարող է բերել»,- հայտարարել էր Ալիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ալիևն էլեկտրաէներգիա է առաջարկում Հայաստանին` իբրև այլընտրանք ՀԱԷԿ-ինՀայաստանը պատրաստվո՞ւմ է Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնել, թե՞ նաև Ադրբեջան արտահանելու մտքեր կան. երկու երկրների կառավարությունների այսօր տարածած նույնաբովանդակ գրությունում միայն նշել են՝ քննարկել են և՛ ներմուծման, և՛ արտահանման հնարավորությունները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ մի կողմից հայտարարեց՝ թե արհեստական բանականության գործարանների պատճառով էլեկտրաէներգիայի պահանջարկը կարող է մեծանալ, մյուս կողմից ընդգծեց՝ Հայաստանի համար էլեկտրաէներգիայի արտահանումը նույնպես կարևոր է:
Վարչապետի խոսքով.- «Էլեկտրաէներգիայի արտահանումը շատ հեռանկարային ուղղություն ա մեզ համար, և մենք դա պետք ա զարգացնենք, մանավանդ՝ արևային էներգիայի մեր պաշարները շատ մեծ են, և մենք պետք ա անպայման էդ ուղղությունը զարգացնենք։ Եվ նախկինում էլ մեր տրամաբանությունը եղել է այն, որ մեծ մասը՝ հիմնական մասը, մենք պետք է արտահանենք։ Բայց հիմա մենք հասկանում ենք, որ էլի ուզում ենք շատ արտահանել, բայց մենք հասկանում ենք, որ շատ պետք է լինելու նաև Հայաստանի ներսում։ Եվ, հետևաբար, պետք է ճկուն լինենք, հասկանանք՝ ինչ ուղղությամբ գնանք»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ի՞նչ է անելու կառավարությունը երկաթուղու ու ատոմակայանի հետԱյն, որ գործադիրը պատրաստվում է Հայաստանի էներգետիկ համակարգն ինտեգրել տարածաշրջանի ենթակառուցվածքներին, ամրագրել են նաև կառավարության հնգամյա ծրագրում: Իշխանությունները պարտավորություն են ստանձնում արդիականացնել տեղական ցանցը, շահագործման հասցնել Հայաստան -Իրան 400 կիլովատ լարման նոր գիծը, մեկնարկել ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը։ Խոստանում են նաև «խթանել Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև լայն տարածաշրջանի երկրների հետ երկխոսությունն ու համագործակցությունը՝ նոր էներգետիկ կապուղիների ընդլայնման նպատակով»։
Հայաստանը կսկսի ներկրել, թե ընդհակառակը՝ ավելի մեծ ծավալով էլեկտրականություն արտահանելու հնարավորություն կունենա, էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանի կարծիքով՝ պայմանավորված կլինի այն հանգամանքից՝ կհասցնեն իշխանությունները մեծացնել հզորություներն ու ժամանակին կառուցել ատոմակայանի նոր էներգաբլոկը, թե ոչ: Մեծամորի այժմ գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը կարող են առավելագույնը մինչ 2036 թվականը երկարաձգել, այդ ժամանակ արդեն նորը պետք է պատրաստ լինի.
«Մենք պետք է մեր հզորություններն ու մեր ենթակառուցվածքները արագ զարգացնենք, եղածները արդիականացնենք և նորը ստեղծենք, որպեսզի նման տեսակի խնդիր չլինի։ Այսինքն՝ մենք գտնվում ենք մի միջանկյան վիճակում, որ կա՛մ կարող ենք մեծ թռիչք ունենալ դրական իմաստով, կա՛մ հակառակը՝ գլորվենք պատկերավոր ասած անդունդը։ Որպեսզի բացասական սցենարից զերծ մնանք, պետք է իմ ասած տարբերակով, այսինքն՝ մի տեսակի միայն էներգիայի զարգացումը բավարար չի, պետք է լինի համընթաց զարգացում բոլոր ուղղություններով և առաջնահերթություն տալով ատոմային էներգետիկային, որպեսզի Հայաստանը անգամ մեկ օր, պատկերավոր ասած, չմնա առանց ատոմային էներգետիկայի»,- ընդգծում է փորձագետը։
Չնայած ժամկետի լրանալուն մեկ տասնամյակ է մնացել, Հայաստանը դեռ չի էլ որոշել՝ ինչ տեխնոլոգիայով են նոր էներգաբլոկ կառուցելու և որ երկրի հետ համագործակցությամբ։ Խոստանում են այս հարցի պատասխանն ունենալ մինչև 2027-ի ավարտը: