Երևանում կրակոցների մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Երևանի Աջափնյակ շրջանում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնում է Քննչական կոմիտեն:

Նախաքննությամբ պարզվել է մեկ անձի սպանություն, 7 անձանց նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը, ում նկատմամբ ավելի վաղ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել:

Բացի այդ, զինված միջադեպի մասնակից 11 անձի նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Հաղորդվում է, որ Երևանի 40-ից ավելի հասցեներում կատարվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քննության համար նշանակություն ունեցող իրեր, առարկաներ:

Աջափնյակ վարչական շրջանում փետրվարի 18-ին հնչած կրակոցներից մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել:

Քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի, սպանության, խուլիգանության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աջափնյակի կրակոցներից երկու օր անց խուզարկություններ Մերձավանում


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարուցվել է քրեական գործ. մանրամասներ Աջափնյակում կրակոցների մասին