Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը. Հաջիև

Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը, Դոհայում ընթացող միջազգային ֆորումի ընթացքում հայտարարեց Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ անցած շաբաթավերջին ադրբեջանական Գաբալա քաղաքում են կողմերը նավթի արտահանման թեմային անդրադարձել։ Ալիևի օգնականն այս քննարկումներն աննախադեպ է որակել՝ առանց այլ մանրամասներ հաղորդելու։

«Վերջերս Հայաստանի փոխվարչապետն այցելեց Ադրբեջանի Գաբալայի շրջան։ Կրկին, սա աննախադեպ զարգացում էր։ Հայաստանի փոխվարչապետը պաշտոնական այցով ժամանեց Ադրբեջան, որտեղ քննարկեցին սահմանազատման գործընթացը։ Դրա հետ մեկտեղ նրանք քննարկեցին նաև երկու երկրների միջև փոխադարձ առևտրի որոշակի ոլորտներ։ Այժմ մեր կողմից քննարկվող ոլորտներից մեկը նավթի և նավթամթերքի արտահանումն է Ադրբեջանից Հայաստան։ Սա նույնպես աննախադեպ զարգացում է», - նշեց Հաջիևը։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 28-ին Գաբալայում էր՝ սահմանազատման հանձնաժողովների 12-րդ հանդիպմանը մասնակցելու։ Ո՛չ Երևանը, ո՛չ էլ Բաքուն, սակայն, հանդիպումից հետո չէին հայտնել, որ սահմանազատման գործընթացից զատ, քննարկել են նաև տնտեսական հարցեր։ Տարածված հաղորդագրությունում նշվում էր միայն, որ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևն առանձին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մանրամասներ՝ Ադրբեջանում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից

Երևանի համար անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» տերմինը


Դոհայում վաշինգտոնյան պայմանավորվածությունների թեմայով պանելային քննարկմանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չանդրադարձավ ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությանը, թե կողմերը քննարկում են Հայաստան ադրբեջանական նավթի մատակարարման հարցը։ Ավելի վաղ էլ նման քննարկումների մասին պաշտոնապես չի հաղորդվել:

Պանելային քննարկմանը Հիքմեթ Հաջիևը հայտնեց, որ կողմերը կանոնավոր կապի մեջ են, այդ թվում՝ փոխվարչապետերի, արտգործնախարարների մակարդակով։ Շփումներն, ըստ նրա, տեղի են ունենում հաղորդակցության տարբեր ուղիներով։

Ալիևի օգնականը, խոսելով տարածաշրջանային ապաշրջափակման թեմայից, մի քանի անգամ օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը, սակայն, ընդգծեց, որ Երևանի համար այդ տերմիննն անընդունելի է։ Արմեն Գրիգորյանը վստահեցրեց, որ հայաստանցիներն աջակցում են խաղաղության գործընթացին։

«Խոսելով Հայաստանի անունից՝ կարող եմ ասել, որ հայ հասարակությունը պատրաստ է։ Նրանք խաղաղություն են ուզում։ Նրանք վճռականորեն աջակցում են խաղաղության գործընթացին, խաղաղության ինստիտուցիոնալացմանը։ Եվ մենք ինտենսիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ, և երբ խոսքը վերաբերում է ապաշրջափակմանը, Հիքմեթը ճիշտ նշեց, որ «միջանցք» տերմինը մեզ համար ընդունելի չէ։ Որովհետև Վաշինգտոնի գագաթնաժողովում Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների առաջնորդները ստորագրեցին մի փաստաթուղթ, որտեղ ճանապարհի ապաշրջափակումը կոչվում է TRIPP՝ «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։ Եվ մենք հավատարիմ ենք այս տերմինին և վստահ ենք, որ TRIPP-ը շատ օգուտներ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև բիզնեսներին, տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին»,- ընդգծեց Գրիգորյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում կա «Խաղաղության խաչմերուկ», TRIPP-ը, այլ տերմինաբանություն վերաբերելի չէ. Փաշինյան

Երկու պաշտոնյաներն էլ բարձր գնահատեցին Վաշինգտոնի և անձամբ նախագահ Թրամփի միջնորդությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնականը շեշտեց Բաքու-Երևան երկկողմ շփումների կարևորությունը, հայտարարեց, թե կողմերը կարողացան լուրջ արդյունքների հասնել հուլիսին Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպմանը։

«Կարծում եմ, որ այս ֆորումում մեր համատեղ փոխգործակցությունը դրա ևս մեկ վկայությունն է։ Եվ մենք այստեղ ենք գալիս՝ խոսելու խաղաղության մասին և նայելու դեպի ապագա։ Անշուշտ, կան որոշակի վերքեր, որոնց վրա մենք պետք է աշխատենք երկկողմանիորեն։ Բայց կրկին, նայելով դեպի ապագա և հրավիրելով մեր միջազգային գործընկերներին՝ մենք նույնպես նպաստում ենք տարածաշրջանում խաղաղության օրակարգին։ Հետևաբար, Ադրբեջանը կկենտրոնանա ավելի շատ բիզնես և տնտեսական հնարավորությունների, ինչպես նաև ավելի շատ տրանսպորտային կապերի վրա, որոնք կարող են միավորել Կենտրոնական Ասիան և Կովկասյան տարածաշրջանը», - նշեց Հաջիևը։

Ալիևի օգնականը, սակայն, չմանրամասնեց, թե մասնավորապես ինչ ցավոտ թեմաներ կան, որոնք պետք է կողմերը քննարկեն։

«Հայաստան–Ադրբեջան տևական խաղաղություն. վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկմանը ոչ Հաջիևը, ոչ էլ Գրիգորյանը չանդրադարձան Բաքվում պահվող 23 գերիների հարցին։ Խոսք չեղավ նաև խաղաղության պայմանագրի ստորագրման կոնկրետ ժամկետի մասին: Օգոստոսին նախաստորագրված փաստաթուղթը ստորագրելու համար Բաքուն նախապայման ունի՝ պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, որում տարածքային պահանջ են տեսնում: Ալիևը վերջերս սկսել է նաև հաճախակի խոսել Հայաստան ադրբեջանցիների վերադարձից: