Երբ որևէ մեկը գործողություն է անում, բեյջ չունի, որ 18 տարեկան է, առողջական խնդիրներ ունի. Փաշինյան

Երբ որևէ մեկը գործողություն է անում, բեյջ չունի՝ 18 տարեկան է կամ առողջական խնդիրներ ունի, ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չի՞ պատժվել ՊՊԾ աշխատակիցը, որ, ըստ ահազանգերի, հարվածել է, Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանին:

Փաշինյանն ասաց, որ ինքը չի տեսել, թե ինչ է տեղի ունեցել, սակայն շեշտեց՝ երբ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, նա կարող է ուժ գործադրել, հարվածել, իսկ սուր իրավիճակներում՝ նույնիսկ զենք կիրառել։

«Պետական պահպանության աշխատողը դրա համար է, որ անհրաժեշտության դեպքում ուժ գործադրի», - նշեց վարչապետը՝ հավելելով, որ հակառակ դեպքում ծառայողի դեմ կարող է քրեական գործ հարուցվել:

Համացանցում տարածված կադրերում երևում էր, թե ինչպես են հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցում վարչապետի անվտանգության աշխատողները դեպի ելք ճանապարհ բացում, երբ եղբայրներից մեկը բողոքում է իրեն իր տեղից հեռացնելու համար, ինչից հետո ձեռքը մեկնում է վարչապետի ուղղությամբ: Կադրերում երևում է նաև, թե ինչպես է Դավիթը անվտանգության աշխատակցի հարվածից վայր ընկնում ու հետո ոտքի կանգնում:

Անցած կիրակի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպից հետո մեղադրյալի կարգավիճակ ստացած Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրների մայրը դատավորին բաց նամակ էր գրել, խնդրել էր երկվորյակ որդիներից Դավիթին հնարավորություն տալ դատական նիստերին սպասել ազատության մեջ, շեշտել՝ նա 4 տարեկանից շուրջօրյա հատուկ խնամքի կարիք ունի, առողջական խնդիրներն ուղղակի անհամատեղելի են բանտի հետ: 2 ամսով կալանավորված 18-ամյա երիտասարդը երեկ բանտի ճանապարհին վատացել է, կորցրել գիտակցությունը: Հիվանդանոցում կարճ զննությունից հետո, սակայն, տղային «Արմավիրի» բանտ են տարել:

Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ Միքայելը՝ աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանին, 14-ամյա անչափահասին և 18-ամյա դպրոցականին ազատազրկած դատավորը. Մնացական Մարիտիրոսյանի արդարադատության 30 տարիները Դպրոցական նստարանից՝ բանտ. ինչո՞ւ Քննչականը «չի տեսնում» անվտանգության աշխատակցի հարվածըՎերաքննիչ բողոք կներկայացնենք Դավիթ Մինասյանի կալանքի դեմ. ՎարդևանյանՍուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեցԴավիթ Մինասյանի կալանքի դեմ բողոքի ակցիա՝ դատախազության շենքի դիմացԴավիթ Մինասյանը հիվանդանոցից տեղափոխվել է Արմավիրի բանտԻրավապահները կրկին խուզարկել են Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված պատանիների բնակարանը «Հարված չի եղել». փաստաբանները հերքում են ՔԿ-ի վարկածը եկեղեցու միջադեպի վերաբերյալ