«Չեմ վիճարկում հայկական հետքը». Գանձասարից հետո ԵՄ ներկայացուցիչը Երևանում հստակեցնում է գրառումը

Ադրբեջանական իշխանությունների կողմից «աղվանական» հռչակված Գանձասար և Դադիվանք այցերից հետո Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այսօր փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այցելել է «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:

«Մատենադարան այցից հետո Գրոնոն «Արմենպրես»-ին ասել է, թե «չի վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում անցյալում հայկական ներկայությունն ու հարուստ հետքը»:

«Անցյալ շաբաթ Քելբաջարի (այցելել է Դադիվանք-խմբ.) և Աղդարայի (այցելել է Գանձասար-խմբ.) շրջաններ կատարած այցի ընթացքում առաջին անգամ հնարավորություն ունեցա անձամբ համոզվելու դրանում։ Ուրախ էի նաև այսօր կրկին այցելել Երևանի Մատենադարան։ Այս ժառանգությունը պետք է պահպանել և արժևորել՝ զերծ մնալով չհիմնավորված քաղաքականացումից և շահարկումներից», - ասել է եվրոպացի դիվանագետը:

Նախօրեին Եվրամիության հատուկ ներկայացուցիչը, ամփոփելով Բաքու և Լեռնային Ղարաբաղ կատարած այցերը, X-ում գրել էր, թե կողմերը դեռևս «խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ ունեն որոշ վայրերի ծագման վերաբերյալ»:

Գրոնոն գրառման մեջ անվանապես չէր նշել, թե որ վայրերի ծագումը նկատի ունի, բայց շեշտել է, թե Երևանն ու Բաքուն այս հարցերը պետք է քննարկեն և հասցեագրեն՝ անցյալի հակամարտության այդ ասպեկտը ևս հաղթահարելու համար. - «Անցյալի հակամարտության չլուծված ժառանգության և բոլոր կողմերի կրած տառապանքների ընդունումն առանցքային նշանակություն կունենա հաշտեցման համար»:

Եվրոպացի պաշտոնյայի այս գրառումը սուր քննադատության էր արժանացել հայաստանյան հանրության շրջանում: Մեկ տասնյակից ավելի հասարակական կամզմակերություններ իրենց մտահոգությունն են հայտնել հատկապես Մագդալենա Գորնոյի գրառման վերաբերյալ՝ պնդելով, թե նա «լեգիտիմացրել է հայերի էթնիկ զտումը, ինչպես նաև Լեռնային ղարաբաղում հայկական մշակությային ժառանգության ոչնչացումը»:

Թեև պաշտոնական Երևանը մինչ այս պահը հաղորդագրությամբ չի անդրադարձել հայկական միջնադարյան եկեղեցական համալիրները «աղվանական» ներկայացնելու պնդումներին, բայց ակնհայտ է, որ Գրոնոյի այցը Մատենադարան կապված է դրա հետ:


Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ Գրոնոն ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին, դրանց պատմությանը, ինչպես նաև հին ձեռագրերի պահպանման և մշակման աշխատանքներին։

Այցի ընթացքում, ըստ նախարարության, ընդգծվել է հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության, այդ թվում՝ հին ձեռագրերի պահպանման հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող օրինակելի և միջազգայնորեն ճանաչված ներդրումը:



ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Խորապես տարբերվող տեսակետներ որոշ վայրերի ծագման վերաբերյալ». ԵՄ ներկայացուցիչն ամփոփել է Լեռնային Ղարաբաղ կատարած այցը