«ԵՄ-ն համաձայնության կգա ՀՀ-ի համար նոր առաքելության շուրջ՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների դեմ». Կալլաս

ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնության կգան Հայաստանի համար ԵՄ նոր առաքելության ստեղծման շուրջ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Մենք նաև համաձայնության ենք գալու Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության դեմ, որոնց նրանք իրականում բախվում են այնտեղ»,- այսօր Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը

Բրյուսելից «Ազատության» աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում հորդորել է Եվրամիության երկրներին արագացնել քայլերը՝ աջակցելու Հայաստանին ռուսական վերջին սահմանափակումների ֆոնին.

«Դրական և կարևոր հանդիպում էր՝ Ռուսաստանի հիբրիդային ու առևտրային հարձակումներին հակազդելու համար»,- «Ազատությանն» ասել էր հանդիպումներին ներկա եվրոպացի դիվանագետներից մեկը։

Ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի նախարարները «կանաչ լույս» էին վառել Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության մեկնարկին, որը պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների՝ ընտրական գործընթացների օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբեռհարձակումների և անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ։