ԵՄ-ն «բաց է ՄԹ հետ հնարավոր ամենասերտ հարաբերությունների համար»

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտա, արխիվ

Եվրոպական միությունը պատրաստ է «հնարավոր ամենասերտ հարաբերություններն ունենալ» Միացյալ Թագավորության հետ: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան այսօր Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմի հետ գագաթնաժողովում մի շարք համաձայնագրեր կնքելուց հետո:

«Մենք մեծ հետաքրքրությամբ հետևում ենք մեր ընդհանուր ապագայի վերաբերյալ ձեր վերսկսած բանավեճին, և ինչպես գիտեք՝ մենք բաց ենք մնում Եվրամիության և Միացյալ Թագավորության միջև հնարավոր ամենասերտ հարաբերություններն ունենալու համար», - France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Կոշտան Բըրնհեմին:

Բրյուսելյան գագաթնաժողովի նախօրեին Բրիտանիայի վարչապետը քննադատել էր Brexit-ը՝ հայտարարելով, որ այն «չի աշխատել», և երկիրը «կորցրել է ավելին, քան ձեռք է բերել»: Նա հայտնել էր, որ Լոնդոնը համաձայնագրի վերանայման շուրջ բանակցություններ է սկսում Բրյուսելի հետ:

Միացյալ Թագավորության վարչապետը նաև Brexit-ի համաձայնագրի վերանայման երեք պայման էր նշել՝ այն չպետք է հակասի միասնական շուկային, մաքսային միությանը և ազատ տեղաշարժին չվերադառնալու՝ Լեյբորիստական կուսակցության խոստումներին, պետք է գործող գործարքից լավը լինի և համապատասխանի 2016 թվականին ԵՄ-ից դուրս գալու օգտին քվեարկած բրիտանացիների ակնկալիքներին: Բըրնհեմն ընդգծել էր, որ քննարկման յուրաքանչյուր փուլում «վերջին խոսքը բրիտանացի ժողովրդինն է լինելու»:

2016 թվականի հունիսին անցկացված հանրաքվեում բրիտանացիների 51,9 տոկոսը քվեարկեցին Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին, 48,1 տոկոսը՝ դեմ: Երկիրը պաշտոնապես դուրս եկավ Եվրամիությունից 2020-ի հունվարի 31-ին, իսկ անցումային շրջանն ավարտվեց նույն տարվա վերջին:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բըրնհեմը քննադատել է Brexit-ը և հայտարարել ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու մասին