Բըրնհեմը քննադատել է Brexit-ը և հայտարարել ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմ, արխիվ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմ, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը քննադատել է Brexit-ը՝ հայտարարելով, որ այն «չի աշխատել», և երկիրը «կորցրել է ավելին, քան ձեռք է բերել»: Նա հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը համաձայնագրի վերանայման շուրջ բանակցություններ է սկսում Եվրամիության հետ:

«Brexit-ը [....] այն էր, ինչ ուզում էին մեր թշնամիները: Ռուսաստանը ցանկանում էր պառակտում ՆԱՏՕ-ի ներսում և Եվրոպայի թուլացում», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time նախագծի փոխանցմամբ՝ ընդգծել է Բըրնհեմը:

Ուրբաթ օրը Բրիտանիաի վարչապետը հանդիպելու է եվրոպացի առաջնորդների հետ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում: Նրանք նախատեսում են քննարկել համագործակցությունը պարենի և գյուղատնտեսության, արտանետումների քվոտաների և երիտասարդական շարժունակության ծրագրի ոլորտներում: Ըստ Բըրնհեմի՝ այդ համաձայնությունները կարող են 0.4 տոկոսով կամ մոտ 17 միլիարդ ֆունտ ստեռլինգով մեծացնել երկրի համախառն ներքին արդյունքը:

Գագաթնաժողովից առաջ Միացյալ Թագավորության վարչապետը նաև Brexit-ի համաձայնագրի վերանայման երեք պայման է նշել՝ այն չպետք է հակասի միասնական շուկային, մաքսային միությանը և ազատ տեղաշարժին չվերադառնալու՝ Լեյբորիստական կուսակցության խոստումներին, պետք է գործող գործարքից լավը լինի և համապատասխանի 2016 թվականին ԵՄ-ից դուրս գալու օգտին քվեարկած բրիտանացիների ակնկալիքներին: Բըրնհեմն ընդգծել է, որ քննարկման յուրաքանչյուր փուլում «վերջին խոսքը բրիտանացի ժողովրդինն է լինելու»:

2016 թվականի հունիսին անցկացված հանրաքվեում բրիտանացիների 51,9 տոկոսը քվեարկեցին Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին, 48,1 տոկոսը՝ դեմ: Երկիրը պաշտոնապես դուրս եկավ Եվրամիությունից 2020-ի հունվարի 31-ին, իսկ անցումային շրջանն ավարտվեց նույն տարվա վերջին:

​
XS
SM
MD
LG