Եկեղեցուն առնչվող նոր քրգործ. իրավապահները խուզարկել են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատասենյակը

Այսօր հայտնի դարձավ եկեղեցուն առնչվող քրեական նոր գործի մասին: Առավոտից իրավապահները Մայր Աթոռին պատկանող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում էին՝ խուզարկելու տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը: Մի քանի ժամից քննիչները հեռացան՝ առգրավելով համակարգիչը, չպատասխանելով որևէ հարցի:

Քննչական կոմիտեն ևս որևէ տեղեկություն չի հաղորդում: Գործից տեղյակ չէր հիվանդանոցի բուժական գծով տնօրեն Տիգրան Նալբանդյանը, որ այդ պահին շենքում էր:

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի տեղեկություններով՝ դեռ անցած տարվա հոկտեմբերին հարուցվել է չարամտորեն հարկերից խուսափելու և փողերի լվացման հոդվածներով քրեական գործ: Սակայն առաջին խուզարկությունները չորս ամիս անց՝ այսօր տեղի ունեցան:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը 2015-2025 թվականներն իր կարիքների համար ձեռք է բերել ապրանքներ, բժշկական պարագաներ իբրև Հայաստանյաց Սուրբ Առաքելական եկեղեցու հետ փոխկապակցված, հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով, չնայած ուներ իբրև հնարավորություն ավելի նվազ գնով ձեռք բերել անմիջապես ներմուծող և արտադրող ընկերություններից, այդ կերպ իբրև թույլ է տվել, որպեսզի այդ ընկերությունները», - ներկայացրեց Փաստաբանը:

Փաստաբանը տեղյակ չէր, թե մասնավորապես որ հոգևորականների մասին է խոսքը, որոնց ընկերությունները, ըստ իրավապահների, այս մեխանիզմով օրինականացրել են մեծ եկամուտները, հիվանդանոցն էլ չի վճարել հարկեր: Նախաքննական գաղտնիքը նաև թույլ չի տալիս հրապարակել գումարի չափը: Հայտնի չէ գործով մեղադրյալ կամ կասկածյալների մասին:

«Այս վարույթը նախաձեռնվել է դեռևս 4 ամիս առաջ: Եթե 4 ամիս առաջ է նախաձեռնվել, ինչ-որ նվազագույն տվյալներ այդ ժամանակ են ունեցել: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ հենց այդ ժամանակ էլ որպես հրատապ կատարվող քննչական գործողություն խուզարկություն, եթե դրա անհրաժեշտությունը կար, պետք է կատարեին հենց նույն օրը կամ հաջորդ օրը, բայց ոչ 4 ամիս անց: Ո՞րն է դրա պատճառը, կարծում եմ, բոլորը դրա պատասխանը շատ լավ գիտեն, որովհետև վերջին ժամանակահատվածում այն, ինչ տեղի է ունենում եկեղեցու շուրջ ու մասնավորապես Վեհափառի շուրջ, կարծում եմ, բոլոր պատասխանները այս հարցի հետ է», - ասաց փաստաբանը:

Մայր Աթոռն առայժմ չի մեկնաբանել հերթական քրեական գործը: Հիվանդանոցի հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես Թորգոմյանն ասում է՝ քննիչները չէին այցելի իրենց, եթե բժշկական կենտրոնը եկեղեցուն չպատկաներ. «Խոշոր չափի հարկեր չեն վճարել, լկտի սուտ: Իրենք ձևակերպումը պատրաստ եկել էին, ուղղակի պետք էր գային, գործողությունները սկսեին, նոր հրապարակեին ձևակերպումը: Սա հակաեկեղեցական արշավի ևս մեկ դրսևորում էր: Մենք սրան սպասում էինք, ավելին, շատ են ուշացել, մենք ավելի շուտ էինք իրենց սպասում այստեղ»:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքի նախկին պատգամավոր է: 2024-ին նա դատապարտվեց 3,5 տարվա պայմանական ազատազրկման, դատարանը սահմանել է 3 տարվա փորձաշրջան: Բժիշկը չի ընդունում մեղադրանքը, որ աշխատակիցներին հարկադրել է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Նոր քրեական գործը նա դեռ չի մեկնաբանել: