Եկեղեցու բարենորոգման խորհուրդն առաջին նիստում քննարկել է ճանապարհային քարտեզի անցնցում իրականացումը. Փաշինյան

Հայաստանի վարչապետի և արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների հունվարի 4-ի հանդիպումը, արտապատկերում Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութից

«Տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհրդի առաջին նիստը», - ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստի ընթացքում, ըստ վարչապետի, «քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները»։

«Խորհուրդը կարևորել է գործընթացի իրականացումը ներառականության, հանրային վստահության, թափանցիկության և պատասխանատվության սկզբունքներով՝ ընդգծելով հոգևորականների եւ աշխարհականների համախմբմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը», - գրում է Փաշինյանը:

Խորհուրդը նաև ողջունել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի որոշումը՝ միանալու եկեղեցու Բարենորոգման հայտարարությանն ու ճանապարհային քարտեզին։

«Նիստում քննարկվել են ճանապարհային քարտեզի անցնցում իրականացմանն ուղղված գործողությունները և կայացվել են անհրաժեշտ որոշումներ», - փոխանցում է վարչապետը:

Փաշինյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեռացումը պահանջող10 արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները հունիսի 4-ի ուշ երեկոյան վարչապետի կեցավայրում հանդես եկան «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման հայտարարությամբ»՝ ներկայացնելով բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնելով Համակարգող խորհրդի ձևավորման մասին:

Տեքստում վարչապետի ավելի վաղ ներկայացրած կետերն են, ըստ որոնց՝ Վեհափառի հեռացումից հետո տեղապահ է ընտրվում, ընդունվում է եկեղեցու կանոնադրություն, ապա նոր Կաթողիկոս է ընտրվում:

Վարչապետի և 10 եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանը Մայր Աթոռից հակադարձեցին, մասնավորապես, որ «Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, խախտում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընդդիմությունից պնդում են՝ Մայր Աթոռի դեմ պայքարելու հարցով Փաշինյանը կարող է կանգնել դատարանի առջև, իշխանությունից հակադարձում են«Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը». Գարեգին Բ«Փաշինյանը խախտել է Սահմանադրությունը». իրավաբաններՓաշինյան. «Եկեղեցին պետք է ազատենք հերձվածից»Փաշինյանը թեժացնում է եկեղեցական օրակարգը. Մայր Աթոռից դատապարտում ենՎարչապետը և 10 եպիսկոպոսները «Եկեղեցու բարենորոգման հայտարարություն» են ստորագրել, Մայր Աթոռից հակադարձում են