Եկեղեցին բռնազավթված է Կտրիճ Ներսիսյանի և նրան աջակցող անձանց կողմից. Փաշինյան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում «առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների» մասին զեկույցն ապացուցում է, որ եկեղեցին բռնազավթված է Կտրիճ Ներսիսյանի և նրան աջակցող մի խումբ հոգևոր և աշխարհիկ անձանց կողմից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Զեկույցի նախագծին ծանոթանալով, ես ինքս ինձ արձանագրեցի, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր է, շատ ավելի ճգնաժամային է, քան ես ի սկզբանե պատկերացնում է», - նշում է վարչապետը:

Փաշինյանն այս թեմային անդրադարձել է Նյու Յորքից, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին:

Այսօր հրապարակվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցը: Այն կազմվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, ով անցած տարվանից փորձում է գահից հեռացնել Առաքելական եկեղեցու հովվապետին՝ Գարեգին երկրորդին ներկայացնելով մի շարք լուրջ մեղադրանքներ:

Այս զեկույցում ներկայացվում են պնդումներ, այդ թվում՝ հոգևորականների սեռական կյանքի վերաբերյալ մանրամասներ, որոնք հիմնականում հիմնված են կաթողիկոսից տարբեր պատճառներով դժգոհ տարբեր հոգևորականների հարցազրույցների վրա: Թեև Առաքելական եկեղեցին իր տնօրինած գույքի բերումով Հայաստանի խոշոր հարկատուներից է, զեկույցում նաև ծավալուն անդրադարձ կա ֆինանսական թափանցիկության խնդիրներին:

Էջմիածնից դեռևս չեն արձագանքել այս զեկույցին, սակայն վերջին մեկ տարում Հայ առաքելական եկեղեցու գործադիր բարձրագույն մարմինը՝ Գերագույն հոգևոր խորհուրդը բազմիցս է վարչապետի քայլերը համարել ուղիղ բռնաճնշում եկեղեցու նկատմամբ:

Օրերս կայացած ժողովից հետո, որի ընթացքում քննարկվել էին նաև պետության և եկեղեցու հարաբերությունները, Գերագույն խորհուրդը հայտարարեց. - «Անընդունելի է իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը և պետական լծակների գործադրմամբ իրականացվող բռնաճնշումներն ու սահմանափակումները։ Գերագույն հոգևոր խորհուրդը արձանագրվեց, որ նման գործողությունները ոտնահարում են Եկեղեցու ինքնավարության և հավատացյալների խղճի ու կրոնի ազատության սահմանադրական երաշխիքները։ ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը և հրամայական նկատեց հոգևոր սպասավորների բնականոն ծառայությունը խաթարող խոչընդոտների վերացումը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ճգնաժամ եկեղեցում». Կառավարության հրապարակած զեկույցը Մայր Աթոռը հակասահմանադրական է որակում