Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցությունը, ընտրությունների նախնական արդունքներով, կստանա նոր Պետդումայի 450 տեղերից շուրջ 355-ը: Ինչպես նշում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, դա կլինի կուսակցության խոշորագույն խմբակցությունը «Եդինայա Ռոսիա»-ի ամբողջ պատմության ընթացքում. նախորդ ռեկորդը 2016 թվականին էր, երբ այն ստացել էր 343 տեղ:
Քվեարկության արձանագրությունների 95.18 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57.83 տոկոսը, ՌԴ կոմունիստական կուսակցությունը 13.81 տոկոսով երկրորդն է, Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը 8.98 տոկոսով երրորդն է, «Նոր մարդիկ» կուսակցությունը 7.96 տոկոսով՝ չորրորդը: Խորհրդարանում ներկայացված լինելու 5-տոկոսանոց շեմը առայժմ այս չորս քաղաքական ուժերն են հաղթահարում;
«Սպրավեդլիվայա Ռոսիա» («Արդար Ռուսաստան») կուսակցությունը 4.96 տոկոսով առայժմ դուրս է մնում նոր Պետդումայից, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի խոսքով՝ անցնելու մեծ շանսեր ունի:
«Եդինայա Ռոսիա»-ի թեկնածուները հաղթում են նաև 225 միամանդատ օկրուգներից 209-ում:
Քվեարկության վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի սեպտեմբերի 25-ից ոչ շուտ: