Հենց ԵԱՏՄ գործընկերներն են ջանում, որ Հայաստանը Եվրամիության անդամակցության դիմում ներկայացնի, այսօր ասաց Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ Երևանն առաջիկայում պաշտոնական գործընթաց կսկսի։
«Որովհետև նրանք անընդհատ ասում են, որ մենք պետք է հանրաքվե անցկացնենք, իսկ հանրաքվե անցկացնել Եվրամիության անդամակցության հարցի վերաբերյալ հնարավոր է միայն երբ որ էդ հարցը ձևակերպված լինի և էդ հարցից բխող հանգամանքները հայտնի լինեն: Այսինքն՝ երբ մենք դիմենք Եվրամիության անդամակցության համար, ստանանք համապատասխան դրական արձագանք, ստանանք համապատասխան ավելի հստակություն քայլերի ժամանակային շրջանակների վերաբերյալ, այդ ժամանակ հնարավոր կլինի իրականացնել հանրաքվե», - ընդգծեց ԱԺ նախագահը:
Ինչպես Փաշինյանը, Ռուբինյանը ևս դիմում ներկայացնելու կոնկրետ ժամկետ չնշեց։ ԵԱՏՄ առաջնորդները Հայաստանին մինչև դեկտեմբեր Եվրամիության և ԵԱՏՄ-ի մինչև կողմնորոշվելու, սեղմ ժամկետներում այդ հարցով հանրաքվե անելու կոչով են դիմել։
«Դուք ասում եք՝ ժամկետը ինչքա՞ն ... Այ հենց հաշվի առնելով, որ էդ հարցի պատասխանը դեռ չկա, դրա համար էլ հիմա հնարավոր չէ անել հանրաքվե», - լրագրողների հետ զրույցում նշեց Ռուբինյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը Փաշինյանի գործի ու նրա Կառավարության ծրագրի միջև խճճվել է:
«Ես չգիտեմ՝ ո՞րն էր պաշտոնական՝ Նիկոլ Փաշինյանի բանավոր հայտարարությո՞ւնը, թե՞ Նիկոլ Փաշինյանի թիմի ներկայացված ծրագիրը, որի օգտին երեկ Նիկոլ Փաշինյանի կուսակիցները քվեարկեցին», - նշեց դաշնակցական պատգամավորը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան, արխիվ
«Նրանք ինչ են ասում՝ Եվրոպական միության հետ հարաբերությունները կառուցվել են, կառուցվելու են CEPA-ի հիման վրա, իսկ օրենքը, որով Հայաստանը հայտարարել է, որ սկսում է ԵՄ միավորման, ԵՄ անդամակցության գործընթացը, դա, ուրեմն, Հայաստանում մարդու իրավունքների, շրջակա միջավայրի պաշտպանության և այլ ստանդարտների բարձրացումն էր ԵՄ ստանդարտներին, այսինքն՝ որևէ խոսք չկար, որ Հայաստանը դիմելու է Եվրոպական միությանը», - հավելեց Խաչատրյանը:
Մոսկվայից գրեթե ամենօրյա ռեժիմով թե՛ Երևանի, թե՛ Բրյուսելի հասցեին քննադատություն է հնչում։ Այսօր՝ միանգամից երկուսը. ՌԴ արտգործնախարարությունը երկաթուղու ռուսական կոնցենսիան այլ երկրի փոխանցելու Երևանի ցանկությունը «Արևմուտքի կողմից Հայաստանի իշխանությանը շանտաժի ենթարկելու փորձ» է որակել՝ հավանական համարելով, թե դրա դիմաց Երևանին բազմամիլիոնանոց ներդրումներ են խոստացվել։ Իսկ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը մեղադրել է, թե «Եվրամիությանն անդամակցելու մտադրություն ունեցող Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները»։
«Մենք չէ, որ որևէ բան ենք անում Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու համար»
«Մենք չէ, որ որևէ բան ենք անում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վատթարացնելու համար, հակառակը՝ մենք ամեն ինչ արել ենք և շարունակում ենք անել նորմալ, բարիդրացիական, բարեկամական հարաբերություններ ունենալու համար։ Այս կոնտեքստում ես կարծում եմ, որ հայկական տնտեսվարողների դեմ կիրառվող անարդարացի և անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ոչ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն, ոչ էլ առավել ևս Եվրասիական տնտեսական միության կանոններին: Որովհետև, ես ուզում եմ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միության գոյության ամբողջ իմաստը ապրանքների ազատ շարժն է և անմաքս, իսկ էստեղ մենք գործ չունենք ազատության հետ առնվազն դե ֆակտո», - ընդգծեց Ազգային ժողովի նախագահը:
Այսօր Հայաստանն ավելի մոտ է Եվրամիությանը, քան երբևէ։ Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Մարկուս Լամերտն այսպես է արձագանքել Երևանից Եվրամիության անդամակցության հայտին պատրաստվելու հայտարարությանը։ Նա կարևոր խորհրդանշական ազդակ է անվանել Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին անցած տարի ընդունված օրենքը: Միևնույն ժամանակ, ըստ Deutsche Welle-ի, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչն ընդգծել է, որ Եվրամիությանն անդամակցությունը տեղի է ունենում «հստակ սահմանված արժեքների վրա հիմնված գործընթացի շրջանակներում»:
Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի:
«Եվրամիությունը վստահելի գործընկեր է, ով արձագանքել է Հայաստանի համար ամենաբարդ փուլերում»
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Սոնա Ղազարյանից «Ազատություն»-ը հետաքրքրվեց՝ Բրյուսելից հստակ ազդակներ ստացե՞լ են։
«Եվրամիությունը գործընկեր է վստահելի, ով արձագանքել է Հայաստանի համար ամենաբարդ փուլերում երկու կարևորագույն մարտահրավերներին։ Առաջինը՝ սահմանային լարվածության ընթացքում մեզ ուղղել է դիտորդական առաքելություն, որը բանակցությունների համար խաղաղ միջավայր է ապահովել։ Սա՝ մեկ։ Միայն մենք չէ, որ խոսում էինք հիբրիդային գրոհների, հիբրիդային պատերազմի փորձերի մասին, և թույլ տվեք ասել, որ Եվրամիությունը այն վստահելի գործընկերն էր, որը շատ սեղմ ժամկետներում Հայաստան ուղարկեց երկրորդ առաքելությունը, որը մեզ օգնեց հաղթահարելու կամ մասամբ հաղթահարելու այս մարտահրավերը», - ասաց Ղազարյանը՝ շարունակելով. - «Եվրամիությունից մենք նաև ազդակ ստացանք ATM-ի վերաբերյալ. սա առանց մաքսային հավելյալ վճարումների մեր ապրանքների մուտքը եվրոպական շուկա ապահովելու մասին է»։
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Սոնա Ղազարյան, արխիվ
ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի տնտեսության փոխկապակցվածությունը հաշվի առնելով՝ արդյո՞ք իշխանությունը հաշվարկում է այն վնասները, որը հայտ ներկայացնելու պարագայում Հայաստանը կարող է կրել։ Այս տարվա առաջին կեսին ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը ավելի քան 2.8 միլիարդ դոլար է կազմել, ավելի մեծ շուկա ունեցող Եվրամիության հետ առևտրի ծավալները՝ շուրջ 1.7 միլիարդ դոլար։
«Հայաստանի Հանրապետության համապատասխան անվտանգային նաև մարմինները ուսումնասիրում են բոլոր հնարավոր վնասները, բայց մենք կարծում ենք, որ մենք չենք սպառել Ռուսաստանի հետ դիվանագիտական ուղով խնդիրները հաղթահարելու ճանապարհները», - ասաց Սոնա Ղազարյանը:
Արթուր Խաչատրյանը, մինչդեռ, պնդում է՝ «Եվրոպական միությունը, բնականաբար, որևէ միտք չունի Հայաստանի անդամակցության հարցը քննարկել կամ կանաչ լույս վառել»: «Տեսնում ենք Թուրքիայի դեպքը, չէ՞, 40 տարվա չափ ճանկռում են եվրոպական դռները, դեռ ասում են՝ «չէ, էդտեղ մնացեք», Վրաստանի դեպքը մենք ունենք, ինչ կլինի Մոլդովայի և Ուկրաինայի հետ, դեռ հայտնի չէ», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:Փաշինյանի հայտարարությունը, Խաչատրյանի կարծիքով, մի նպատակ ուներ. - «Դա այն բռնություններն էին, այն ռեպրեսիաներն էին, որ Նիկոլ Փաշինյանը սկսեց նույն գիշերը։ Այսինքն՝ ինքը ուղերձ հղեց եվրոպացիներին, որ «չէ, մենք ավելի ենք մեր հարաբերությունները ամրապնդելու Եվրոպայի հետ, բայց դուք ձեր աչքերը փակեք նրա վրա, թե ինչ է կատարվում Հայաստանում»։
Իշխանությունը քաղաքական ենթատեքստը հերքում է, ընտրություններից հետո ընդդիմախոսների նկատմամբ իրականացվողը բացառապես իրավական գործընթաց համարում։
ՔՊ-ից էլ խորհրդարանական ընդդիմությանն են մեղադրում, թե նրանք ուղիղ չեն ասում՝ հիբրիդային վտանգները ո՞ր երկրից են գալիս, մեղադրում ռուսական շահը առաջ տանելու մեջ։
Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» խմբակցության պատգամավորը պնդում է՝ իրենց ուժն էլ է ուզում հասկանալ՝ ո՞ր երկիրը կամ երկրներն են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում։
«Ես տեսել եմ, որ որոշ քաղաքական գործիչներ իրենց կողմից, այո, ասում են՝ «այո, Ռուսաստան, բա դուք ինչ է, չեք տեսնո՞ւմ, որ Ռուսաստանից է»։ Թող պաշտոնապես Կառավարությունը հայտարարի, որ հասկանանք՝ Հայաստանի Հանրապետությունը ում է դիտում որպես հիբրիդային հակառակորդ։ Թեկուզ բողոքի նոտա Ռուսաստանի ԱԳՆ-ին, որ «դու մեր դեմ հիբրիդային պատերազմ ես մղում», - ընդգծեց Արթուր Խաչատրյանը: