«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը այսօր դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին ՍԴ արտաքին կապերի բաժնից:
ԱՄՆ-ում անազատության մեջ գտնվող «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանի կուսակցությունը ընտրություններում ստացել է ավելի քան 25 հազար ձայն՝ դուրս մնալով խորհրդարանից:
«Հիմքում դիմումի դրված է ինչպես վարչական ռեսուրսը՝ տոտալ ձևով իրականացված, ունենք համապատասխան ապացույցներ, բնականաբար կներկայացնենք, նաև դրված է տոտալ ընտրակաշառքի բաժանումը», - ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էր կուսակցության ցուցակում ընդգրկված փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Այսօր ՍԴ են դիմել նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Միասնության թևեր» կուսակցությունը:
Բարձրագույն դատարան դիմել են պատրաստվում նաև «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։