Գյումրիի գործարանային հանրակացարանի վթարային շենքում հերթական փլուզումն է եղել: Այստեղ բնակվող 10 ընտանիքները ահը սրտերում են քնում ու արթնանում:
«Դժոխքի հանրակացարանն է սա», - տրտնջում է արդեն 37 տարի գործարանային հանրակացարանի խիստ վթարային շենքում բնակվող 72-ամյա Սիլվա Սականյանը։
Հորդառատ անձրևներին բնակիչներով բան ու գործ թողած անձրևաջրերն են մաքրում, թեև երկրորդ օրն է, անձրև չկա, բայց շենքում դեռ կաթոցներ են ու խոնավություն։ Անցած տարի Գյումրիի ավագանին որոշեց տեղական բյուջեի միջոցներով ամրացնել շենքը, մոտ 10 ընտանիքի համար բնակվարձ հատկացնել, որ ամրացումից հետո իրենց շենք տեղափոխվեն։ Մոտ մեկ տարի է անցել, բայց բնակիչներն անհույս դեռ սպասում են։
Տեղական իշխանություններից հույսները կտրած բնակիչները կառավարությանն են դիմում ու անձամբ վարչապետին, հրավիրում են իրենց շենք՝ սեփական աչքերով տեսնելու, թե ինչ անմարդկային պայմաններում են ապրում վթարային շենքում, որտեղ նույնիսկ խմելու ջուր ու կոյուղի չունեն։
«Հարցի լուծումը կառավարության ձեռն է, մենակ կառավարությունը կարող է մեր հարցի լուծումը տա։ Խնդրում եմ պարոն Փաշինյանին՝ մեզ այս վիճակից հանել, ահավոր վիճակի մեջ ենք։ Սաղ հիվանդ մարդիկ են, հաշմանդամ, երեխատերեր», - ասաց բնակիչներից մեկը։
Գյումրիի քաղաքապետի տեղակալ Ավետիս Առաքելյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ շենքի նախագիծը պատրաստ է, առաջիկայում շինարարի ընտրության մրցույթ կհայտարարեն ու այդ ժամանակ բնակիչների տեղափոխման հարցը կլուծվի։ Այս նույն պատասխանն, ի դեպ, «Ազատությունը» քաղաքապետարանից ստացել էր մոտ յոթ ամիս առաջ:
«Նախագիծը լիարժեք պատրաստ է, հիմա նախագծի հետ առանձնացում ենք անում, որովհետև ինքը մի քիչ գումարային առումով թանկ եղավ, և ասեմ՝ 46 բնակարան է, եթե չեմ սխալվում: Առաջին փուլը այս տարի արդեն մեկնարկելու ենք», - ասաց Առաքելյանը:
Հարցին, թե բնակիչներին ե՞րբ են տեղափոխելու, Գյումրիի քաղաքապետի տեղակալ ը պատասխանեց. «Հենց հայտարարեցինք մրցույթը, եղավ շահողը, կազմակերպությունը, այդ օրվանից սկսած տեղափոխելու ենք բնակիչներին»։
Եթե այդ շենքի հետ կապված խնդիր չունեն, սուբվենցիոն ծրագրով անօթևան ընտանիքների համար 100 բնակարան կառուցելու ծրագիրը դեռ կառավարությունը չի հաստատել։ Նախագիծն ուղարկել են հաստատման, բայց արդեն մի քանի ամիս է պատասխան չունեն։ Թե ի՞նչն է պատճառը, ինքն էլ չգիտի։
Այս երկու ծրագրով մոտ 150 ընտանիքի բնակարանի հարց կլուծվի։ Ընդհանուր առմամբ պետությունը Գյումրիում անօթևանի կարգավիճակ ունեցող 596 ընտանիքի նկատմամբ է փոխհատուցման պարտավորություն ստանձնել։
Այս շաբաթ կառավարությունում կայացած խորհրդակցությանը անդրադարձ էր եղել նաև Գյումրիի վթարային շենքերին։ Գյումրիում նման 88 շենք կա, դրանց գերակշիռ մասում մարդիկ են ապրում։ Թե կոնկրետ ինչպե՞ս են լուծելու այս վթարային շենքերի հարցը, որքա՞ն գումար է անհրաժեշտ, վարչապետի գրասենյակը չէր հստակեցրել։ Միայն նշել էին, թե շենքերից որոշները պատմամշակութային նշանակություն ունեն, հետևաբար տարբերակված մոտեցումների անհրաժեշտություն կա։
Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում
Your browser doesn’t support HTML5
«Դժոխքի հանրակացարանն է սա». հերթական փլուզումը Գյումրիի վթարային շենքում