Գյումրիում նախկին ռադիոգործարանի հանրակացարանում բնակվող ինը ընտանիքներն այս Ամանորն էլ կդիմավորեն խիստ վթարային շենքում՝ չնայած ավագանին դեռ երկու ամիս առաջ նրանց հարցով որոշում է կայացրել:
Ավագանին որոշումը կայացրել է հոկտեմբերի 16-ին: Կոռուպցիոն մեղադրանքով կալանավորվելուց չորս օր առաջ քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էր ներկայացրել նախագիծը:
«Տանք երկու տարով վարձակալության գումարներ, որ իրենք ապրեն վարձակալության նորմալ պայմաններում: Բայց էդ շենքը մենք ուզում ենք անպայման ամրացնել, քաղաքապետարանը, և կողքի շենքը ևս, որը նմանատիպ շենք է: Մենք դիմել ենք Կառավարություն, որ դա, էդ շենքը ևս տան քաղաքապետարանին, որ մենք կարողանանք մրցույթ հայտարարել և ամրացնել էդ երկու շենքերը», - հայտարարել էր քաղաքապետը:
Նախագիծը միաձայն ընդունվեց: Քաղաքային իշխանությունները որոշեցին վթարային շենքը վերականգնել ու անօթևան ընտանիքներին հատկացնել, իսկ մինչ այդ նրանց տեղափոխել վարձակալած բնակարաններ: Այժմ բնակիչներն աչքները ջուր կտրած սպասում են տեղափոխմանը, հոգնել են տարիներ շարունակ անձրևաջրերի դեմ կռվելուց, ջուր կրելուց ու տարրական պայմաններից զուրկ ապրելուց:
«Տանիք չկա դե նորմալ, սաղ կաթա գը տներներս: Ջուրն էլ կրովի է, ոչ մի կոմունալ հարմարություն չկա, հեչ բան չկա: Դե ուզած-չուզած խոսքի կերթամ ծանոթի տուն, բարեկամի տուն՝ էրեխեքին կլողցնեմ, որ էրեխեն մաքուր, իստակ գոնե էրթա պարտեզ», - «Ազատության» հետ զրույցում ասաց շենքի մի բնակչուհի:
«Էս պայմաններում, չիդեմ, նորմալ մարդն էլ գա ապրի ստեղ՝ ինվալիդ կդառնա. խոնավություններ և այլ շատ բաներ, էլի ... Մարդիկ ապրին էստեղ գոնյա մե տաս րոպե, որ իրանք հասկնան՝ ինչ ապրումների մեջ կապրինք», - ընդգծեց մյուս բնակիչը:
Ավագանու որոշման մասին լսել են, բայց չեն հավատացել, մինչև չեն տեսել: Ոմանք էլ չեն հավատա, մինչև վարձով տան բանալին ձեռքներին չլինի. - «Հեչ մեկին ես չեմ մեղադրում, պրոստը արդեն հույսերս կորցրած ենք, էլի, ինչխոր արդեն հույս չունենանք, էլի, ինչխոր հավատը մեջներիցս կորած էղնի»:
Ինչո՞ւ է ձգձգվում վթարային շենքում ապրող ինը ընտանիքների վարձով բնակարան տեղափոխվելու գործընթացը, հատկապես որ ավագանին բնակվարձի գումարը հատկացնելու որոշումն արդեն կայացրել է: Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման, բնակարանային ֆոնդի և համատիրությունները համակարգող բաժնի փորձագետ Անուշավան Պապիկյանն ասում է՝ շենքի ամրացման մրցույթին են սպասում. - «Երբ մրցույթը կայացավ տվյալ շենքի, այսինքն՝ Գործարանային 2/6 շենքի վերականգնման աշխատանքների մրցույթը երբ կայացավ, մենք անմիջապես բնակիչներին տեղափոխելու ենք վարձավճարով բնակարաններ՝ վարձակալությամբ բնակվելու, վարձը տալու է քաղաքապետարանը»:
Թե երբ է մրցույթը լինելու, Պապիկյանը չգիտի: Քաղաքաշինության բաժնից «Ազատությանը» փոխանցեցին, որ նախագծման մրցույթի փաթեթները դեկտեմբերի 29-ին կբացվեն, ինչին կհաջորդի շինարարի ընտրության մրցույթը: Միայն դրանից հետո պարզ կդառնա, թե երբ կսկսվեն շինաշխատանքները: Իսկ ո՞վ է վարձակալելու բնակարանները՝ բնակի՞չը, թե՞ համայնքապետարանը:
«Բնակիչը բնականաբար, մենք էդքան բնակարան, էդ կապերն էլ չունենք, որ վարձակալությամբ, իրենք որտեղ ուզում են բնակարան, դե վարձակալության չափն էլ որոշված է՝ 80-90 հազար դրամ, այսինքն՝ էսօրվա վարձավճարին մոտ, նաև կարող է ավելին, ապահով տեղափոխելու համար», - ասաց Անուշավան Պապիկյանը:
Իսկ բնակիչներն այլևս սպասել չեն կարող, օր առաջ են ցանկանում ապահով բնակարան տեղափոխվել: Հարազատ-բարեկամներից կտրվել են, ասում են՝ մարդիկ վախենում են անգամ իրենց հյուր գալ, իսկ իրենք տարիներով ապրում են այդ պայմաններում. - «Բարեկամ ունինք, ազգ ունինք, հեչ մեկը չեն գա, վախենան գը գան, կըսեն՝ գանք մնանք շենքի տա՞կը»:
Համայնքապետարանը երկու տարի ժամկետով է վարձակալության գումարներ հատկացրել: Իսկ շենքը ամրացնելուց հետո ինը ընտանիքները կվերադառնան իրենց բնակարաններ: