Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից Արթուր Ավանեսյանին, որը հայտնի է Կանդազ մականվամբ: Իրավապահ կառույցն այլ մանրամասներ չի հաղորդում:
Տեղեկությունը հաստատել է նաև գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը, սակայն նա ևս որևէ կերպ չի մանրամասնել, թե ինչ կասկածանքով է ձերբակալվել իր թիմակիցը:
Այսօր ավելի վաղ իրավապահները հայտնել էին «Ուժեղ Հայաստանին» առնչվող ևս մեկ քրեական գործի մասին: Չորս անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար: Չորս անձանցից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, մյուս երկուսի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, իսկ անչափահասի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը:
Կուսակցությունից առայժմ չեն մեկնաբանում Քննչական կոմիտեի հաղորդագրությունը: