Դրսում ապրող ՀՀ քաղաքացիներին քվեարկելն արգելող և ընտրակաշառքի պատիժը խստացնող օրինագծերն ընդունվեցին առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովի նիստ, արխիվ

Արտասահմանում ապրող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունը կրքեր բորբոքեց խորհրդարանի դահլիճում։

Ընտրություններից շատ չանցած՝ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջարկում է քվեարկելու իրավունքից զրկել այն հայաստանցիներին, որոնք ընտրացուցակները հրապարակելուց առաջ վերջին երկու տարվա առնվազն կեսը՝ մեկ տարին հայրենիքում չեն եղել։ Բացառություն է սահմանվում միայն ուսման մեկնածների և պետական գործուղումների համար։

Բովանդակությունից բացի, ընդդիմադիրներին մտահոգել էր իշխանությունների շտապողականությունը՝ հարցը քննարկել արտահերթ նիստում, հրատապ ռեժիմով, առանց հանրային քննարկման և միջազգային հեղինակավոր փորձագիտական կառույցի՝ Վենետիկի հանձնաժողովի գնահատականի, այնինչ օրենքն ընդունվելու դեպքում հարյուր հազարավոր մարդիկ կարող են զրկվել ընրական իրավունքից:

«Սենց կարևորագույն օրենք բերել 8-րդ գումարման Ազգային ժողովի վերջին օրերին, հրատապ կարգով, արտահերթ նիստում՝ ներեցեք, էլի, հասկանալի է, չէ՞, ինչ եք ուզում սրանով անել՝ «շուտ անենք, մտցնենք, բրդենք, սղացնենք, անցնենք», - հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Հիմնարար իրավունքի նման կարգով ոտնահարումը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ ՔՊ-ն որևէ առնչություն չունի մարդու հիմնական իրավունքների հետ», - պնդեց նույն խմբակցությունից Արծվիկ Մինասյանը:

«Այս հապշտապողականությունը ուրիշ ձև չի կարելի բացատրել, քան՝ քաղաքական հետին նպատակներ ունեցող», - ասաց մեկ այլ դաշնակցական պատգամավոր՝ Գեղամ Մանուկյանը:

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները, սակայն, հանրային պահանջով էին բացատրում այս նախաձեռնությունը, չթաքցնելով՝ նկատի ունեն Ռուսաստանից ընտրողների բերելու մասին հաղորդագրությունները:

«Ընտրությունների ժամանակ ձեր մի թևի համար, այսպես ասած, ընտրական տուրիզմի եկած քաղաքացիների մասով, որի արդյունքում էդ պահանջը ձևավորվել է հանրային, այ էդտեղ է խնդիրը՝ դուք հանրությանը չեք լսում», - հայտարարեց, մասնավորապես, Լիլիթ Մինասյանը:

Մի շարք հասարակական կազմակերպություններ խիստ քննադատել են այս նախագիծը՝ պնդելով, որ օրենսդրական փոփոխությունները հակասահմանադրական են ու ընտրական իրավունքի անօրինական և անհամաչափ սահմանափակում՝ վտանգելով ժողովրդավարական սկզբունքները և խախտելով քաղաքացիների քաղաքական իրավունքները։

Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը համոզված է, որ փոփոխությունն արվում է իշխանությունների ծրագրած Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, որը նախաձեռնելու համար, ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը նոր խորհրդարանում չի ունենա բավարար ձայներ։

«Այս իշխանությունը խոստացել է Ադրբեջանին փոխել մեր Սահմանադրությունը: Այս իշխանությունը կորցրել է վախը սեփական ժողովրդից, բայց վախենում է Ալիևից: Ադրբեջանա-թուրքական հանձնարարությունը կատարելու նպատակին է ուղղված այս փոփոխությունը», - պնդեց Վարդանյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, մինչդեռ, պայմանական օրինակով այլ երկրի ազդեցության մասին էր ակնարկում․ - «Սենթ Քիթս և Նևիսի կառավարությունը որոշում է, որ ինքը ուզում է ազդի Հայաստանի քաղաքական կյանքի վրա, և եթե պարզվի, որ Սենթ Քիթս և Նևիսում կան շատ Հայաստանի քաղաքացիներ, ինչ է ստացվում՝ Հայաստանի իրավապահ մարմինները չեն կարողանալու կանխել Սենթ Քիթս և Նևիսում, օրինակ, ընտրակաշառքի դեպքերը, չեն կարողանալու կանխել ապօրինի ազդեցությունը նրանց քաղաքական կամքի վրա, չեն կարողանալու կանխել, որ, օրինակ, մեկա գա էնտեղ Սենթ Քիթս և Նևիսում Հայաստանի քաղաքացուն ասի՝ «ես քո տոմսը առնում եմ, գնա, քվեարկիր ում ուզում ես՝ բացի Դաշնակցությունից», օրինակ»:

Նախագծի հեղինակները որևէ թիվ չհրապարակեցին՝ վերջին ընտրությունների նախաշեմին քանի՞ մարդ էր եկել Հայաստան, արդյո՞ք արտառոց պատկեր է եղել, փոխարենը՝ «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն էր թվեր բերել, որ հրապարակվել են Սահմանադրական դատարանում, ըստ որոնց՝ ընդամենը 3 հազարով ավելի Հայաստանի քաղաքացի է հատել սահմանը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: «Ու սա պաշտոնական ցուցանիշ է, որովհետև շատ կարևոր է նաև Սահմանադրական դատարանում հասկանալ՝ ի վերջո, արտաքին ազդեցության տեսակետից ինչ է իրենից ներկայացնում», - նշեց Մինասյանը:

Դրսում ապրող հայերին քվեարկելն արգելող օրենքից բացի իշխանությունները արտահերթ նիստ են բերել նաև մեկ այլ նախաձեռնություն, որով մեկից երկու տարով երկարացվելու է ընտրակաշառքի հետ կապված հանցագործությունների պատժաչափը, իսկ դրա համար դատվածներն անգամ պատիժը կրելուց հետո տևական ժամանակ զրկվելու են պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

Երկու օրենքներն էլ այսօր ընդունվեցին առաջին ընթերցմամբ միայն իշխանության պատգամավորների և «Հայաստան» դաշինքից հեռացած Գեղամ Նազարյանի քվեարկությամբ։ Երկրորդ ընթերցումը 24 ժամվա ընթացքում պետք է տեղի ունենա։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գործող ԱԺ-ն հաջորդ ընտրությունների համար խստացնում է խաղի կանոնները«Ափալ-թափալ անցկացնում են». դրսում ապրողներին ընտրելու իրավունքից զրկելու հարցը՝ արտահերթի նիստի օրակարգում«ՔՊ-ի՝ ընտրելու իրավունքը սահմանափակելու նախաձեռնությունը հակասահմանադրական է». սահմանադրագետ «Լավ օրից չէ, որ գնում ենք նման փոփոխության». ՔՊ-ն արտերկրում ապրողներին զրկելու է ընտրելու իրավունքից