Դպրոցական նստարանից՝ բանտ. ինչո՞ւ Քննչականը «չի տեսնում» անվտանգության աշխատակցի հարվածը

Այսօր 2 ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը բանտի ճանապարհին վատացել է, կորցրել գիտակցությունը: Հիվանդանոցում կարճ զննությունից հետո, սակայն, տղային «Արմավիրի» բանտ են տարել: Թե ինչ վիճակում է նա հիմա խցում, Քրեակատարողական ծառայությունից չեն մանրամասնում:

Որդու կալանքի մասին լուրը լսելիս էլ վատացել էր մայրը: Մինչ այդ, Գայանե Մինասյանն անաչառ քննություն էր խնդրում. «Կուլտուրական, կիրթ էրեխեք են»:

Անցած կիրակի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպից հետո մեղադրյալի կարգավիճակ ստացած պատանիների մայրը երեկ դատավորին բաց նամակ էր գրել, խնդրել էր երկվորյակ որդիներից Դավիթին հնարավորություն տալ դատական նիստերին սպասել ազատության մեջ, շեշտել՝ նա 4 տարեկանից շուրջօրյա հատուկ խնամքի կարիք ունի, առողջական խնդիրներն ուղղակի անհամատեղելի են բանտի հետ:

Փաստաբանը հայտարարում է՝ որոշումը կբողոքարկեն

Բայց պատանուն այսօր «Արմավիրի» բանտ ուղարկած դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաշվի չառավ ո՛չ Դավիթի հիվանդությունը, ո՛չ առաջարկվող գրավը՝ նիստից հետո ասում էր փաստաբան Արմեն Մելքոնյանը:

«Դավիթին այսօր զրկեցին դպրոցն ավարտելու հնարավորությունից, 2 ամիս հետո վերջին զանգ է լինելու բոլորի համար, Դավիթի համար չի լինելու, ո՞ւմ խղճին է մնացել սա», - ասաց Մելքոնյանը:

Փաստաբանն աբսուրդ որակեց դատավորի որոշումը, ասաց՝ վերաքննիչ կբողոքարկեն:

«Գտնում են, որ 12-րդ դասարանի աշակերտը պիտի կալանքի տակ գտնվի, բայց մի շարք առանձնապես ծանր, ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողները կարան վարչական հսկողության տակ կամ տնային կալանքի տակ գտնվեն», - նշեց նա:

Ինչո՞ւ իրավապահները չեն քննում Փաշինյանի անվտանգության աշխատակցի գործողությունը

Կիրակի օրվա կադրերում երևում է, թե ինչպես են հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցում վարչապետի անվտանգության աշխատողները դեպի ելք ճանապարհ բացում, երբ եղբայրներից մեկը բողոքում է իրեն իր տեղից հեռացնելու համար, ինչից հետո ձեռքը մեկնում է վարչապետի ուղղությամբ: Կադրերում երևում է նաև, թե ինչպես է Դավիթը անվտանգության աշխատակցի հարվածից վայր ընկնում ու հետո ոտքի կանգնում:

Իսկ փաստաբանի այսօր հրապարակած նոր կադրերում հստակ երևում է Փաշինյանի անվտանգության աշխատակցի դեմքը, բայց իրավապահները նրա գործողությունը՝ հարվածը տղային, չեն քննում, ինչո՞ւ՝ չեն մանրամասնում: Իսկ նրա հարվածից վայր ընկած Դավիթի մայրը պնդում է՝ որդին չի հարվածել, կադրերում էլ է երևում:

Ըստ փաստաբան՝ վարչապետի անվտանգության երկու աշխատակիցները հարցաքննվել են: Արմեն Մելքոնյանն ասաց, որ փակագծեր չեն ուզում բացել, բայց քննարկում են Դավիթին հարվածած անվտանգության աշխատակցի դեմ իրավական գործողությունները:

Իսկ Քննչական կոմիտեն այսօր առավոտյան արդեն երկրորդ անգամ էր խուզարկել պատանիների բնակարանը։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանն ասաց՝ հեռախոսներ էին փնտրում, առգրավել են նաև մոր հեռախոսը:

Փաստաբանների խոսքով, իրավապահներն ապացույցներ են փնտրում եկեղեցում պաշտոնյայի գործունեությունը խոչընդոտելու նպատակով բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածներով հարուցված գործի համար։

«Փնտրում էին հեռախոսներ, այլ առարկաներ, որոնք կարող է այդ ենթադրյալ դեպքի հետ որևէ առնչություն ունենան: Ամեն ինչ փնտրում են», - նշեց Էլբակյանը:

18-ամյա Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ Միքայելը՝ աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեղադրանք է առաջադրվել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալվածներին

Փաստաբանները հարց են բարձրացնում. եթե Գևորգյանն ու երկվորյակ եղբայրները չեն ճանաչել միմյանց, պարզապես կանգնած էին իրար մոտ, ինչպե՞ս կարող էին հանցագործություն կազմակերպել: Գևորգ Գևորգյանը երեկ ասել էր, որ ընդամենը փորձել էր թույլ չտալ հարվածել տղային: Բայց Քննչականը տեղի ունեցածը որակում է պլանավորված. որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս, հատկապես, որ Սուրբ Աննա եկեղեցի վարչապետի այցի մասին նախապես էլ չէր հայտարարվել. իրավապահներն այս հարցերի պատասխանները չեն տալիս:

Նիկոլ Փաշինյանը, որի դեմ բռնության հոդվածով է քննչականը գործ քննում, տուժող ճանաչված չէ: Եթե տուժող ճանաչվեր, պետք է հարցաքննության կանչվեր, առերեսումներ լինեին, երեկ ասել էր փաստաբաններից մեկը: Քննչականը չի մեկնաբանում այս հարցը:

Զարուհի Հովհաննիսյանը եղբայրների նկատմամբ մեղադրանքը համարում է անթույլատրելի

Մինչ այդ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ոչ միայն դպրոցական տղայի կալանքը, այլև եղբայրների նկատմամբ մեղադրանքն է համարում անթույլատրելի:

«Հիմնականում սա կարելի է որակել վախեցնելու և ցուցադրական վճռի փորձ՝ ցուցադրելու համար, որ լինելու է իրավապահ համակարգն անզիջում ցանկացած ընդդիմադիր կամ որևէ նման գործողության պարագայում: Փաստացի երիտասարդ կյանքը զոհաբերվում է ի ցույց ամբողջ հանրությանը», - ասաց Զարուհի Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանը կադրերում բռնություն չի տեսել: Հակառակը՝ բռնություն է գործադրվել հենց Դավիթի վրա, շեշտում է Հովհաննիսանը: Ըստ նրա՝ իշխանությունն ու իրավապահները ընտրություններից առաջ վախի մթնոլորտն են թեժացնում:

«Կարող ենք, իհարկե, եզրակացություններ անել, որ անձը ուղղակի կարող է մեկնել է ձեռքը մեկ այլ նպատակով ու ամենայն հավանականությամբ բռնարարք գործել չի ցանկացել, կամ էլ եթե նույնիսկ ինչ-որ նպատակ է ունեցել, միևնույն է՝ այդ նպատակը չի իրականացվել, այսինքն, բռնի գործողություն մենք այդ պահին չունենք», - ընդգծեց նա:

Բանտերում դիտորդություն անող իրավապաշտպանը պնդում է՝ թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանությանը հարմար որոշումներ կայացնող դատավոր Մնացական Մարտիրոսյանի համար կալանքի որոշումը հաճոյանալու առիթ էր՝ ցույց տալու, որ խիստ է վերաբերվում բարձրաստիճան պաշտոնյային առնչվող դեպքին:

Բայց Հովհաննիսյանի կարծիքով, նա պատանուն չպետք է կալանավորվեր, հնարավորություն տար դպրոցն ավարտել ու բուհ ընդունվել: Բայց տղային բանտ տեղափոխելով՝ ազդում են նրա ողջ կյանքի վրա:

Բողոքի ակցիա՝ կալանքը փոխելու պահանջով

Այսօր օրվա վերջում գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա անցկացրեցին Դավիթի դասընկերներն ու նրանց ծնողները՝ պահանջելով փոխել կալանքը:

«Ես որպես ծնող, խնդրում եմ, հարգելի դատախազներ, փոխեք Դավիթ Մինասյանի խափանման միջոցը», - ասաց հավաքվածներից մեկը:

Արդեն բանտում գտնվող Դավիթին մայրը հորդորել է զգույշ լինել սննդի ու դեղերի հետ:

Տղան նաև չբացահայտված ալերգիա ունի, սխալ սննդի ու դեղերի ընդունումը կարող է վատ ազդել նրա առողջության վրա: