Դեպի Ռուսաստան հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքն ի՞նչ ռիսկեր է պարունակում

)

Դեպի Ռուսաստան հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքն ի՞նչ ռիսկեր է պարունակում, հնարավո՞ր է, որ առաջիկայում հազարավոր մարդիկ հնարավորություն չունենան իրենց վերցրած վարկերը մարել այն պատճառով, որ չեն կարողացել իրենց արտադրանքը իրացնել։

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն այսօր ասուլիսի ընթացքում ասաց՝ բանկային ոլորտի կայունության վրա այս իրավիճակը դժվար թե լուրջ ազդեցություն ունենա, բայց մարդկանց սոցիալական վիճակի վրա, հավանաբար, ազդեցություն կլինի.

«Բանկերը կապիտալացված են, ֆինանսական հատվածի կայունության տեսանկյունից ռիսկ չենք տեսնում։ Ավելի շատ ռիսկ ենք տեսնում սոցիալական, որովհետև ծավալային, դա շատ մեծ գումար չի, անկեղծ լինենք, այդ մեկ-երկու տոկոս, որ ասում ենք ՀՆԱ-ի մեջ, ծավալային հարց չի։ Բանը նրանում է, որ բազմահազարանոց, տասնյակ հազար տնտեսվարողներ, գյուղացիական տնտեսություններ են այդտեղ զբաղված»,- ըստ Խաչատրյանի՝ բանկերն արդեն իսկ տուժած ոլորտների համար խաղի կանոններում փոփոխություններ արել են. արտոնյալ ժամկետներ են սահմանել և հնարավորություն վարկի մարումը վերակառուցելու։

Գյուղատնտեսական վարկերը հիմա 400 միլիարդ դրամի չափ են, մոտ 8 տոկոսն արդեն դիմել են՝ վերաձևակերպելու մարումները։

«Մենք վիճակագրություն ունենք ընթացիկ, որ 30 միլիարդ դրամից ավել արդեն վարկեր վերաձևակերպվել են, մի մասը դեռ չեն դիմել։ Մենք մեր վերաբերմունքը ցույց ենք տալիս ինչով, որ կարգավորումների մեջ մենք նախատեսում ենք այս ֆորսմաժորային վիճակները, որ բանկի վերակառուցումները, որոնք կապված չեն կոնկրետ տնտեսվարող սուբյեկտի խնդիրների հետ, այլ ամբողջ ճյուղը արտահանման սահմանափակումների պատճառով ունի վարկերի մարման խնդիրներ, այդ վերակառուցումները չանդրադառնան այդ ընկերությունների վարկային պատմությունների վրա ու դասակարգումներ չգնան ու բանկերը այդ իմաստով ազատ են իրենց գործողություններում։ Բայց, թե ինչքան կվերակառուցվի արդյունքում, այդ իմ նշած 30 միլիարդ պլյուս գումարն ինչքան կդառնա, չեմ կարող ասել, սցենարներից է կախված։ Վատ սցենարի դեպքում, այո, կարող է մի քանի անգամ դեռ ավելանալ այդ պորտֆելը, որը վերակառուցման կարիք ունի»,- ասում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը։

2026 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում, ի դեպ, սպառողական վարկերից հետո աճել են հենց գյուղատնտեսական վարկերը՝ նախորդ տարվա համեմատությամբ 23 տոկոսով։ Այս տվյալներն էլ մեկ այլ ասուլիսում ներկայացրեց բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, նկատելով՝ երբեք այդքան աճ տարեկան կտրվածքով չի եղել գյուղոլորտում, բայց թե ինչ կլինի առաջիկայում դժվար է գնահատել, ամեն դեպքում, բանկային համակարգը ռիսկերը հաշվարկում է։

«Մենք եթե մակրո մակարդակով ենք խոսում, բոլոր հնարավոր ռիսկերն ու սցենարները բանկերի կողմից մշտապես հաշվարկվում են, բայց մեզ կյանքը սովորացրել է հետևյալը, որ ոչ բոլոր ռիսկերն ու սցենարները մենք կարող ենք պատկերացնել։ Եվ դրա համար էլ լրացուցիչ բուֆերներ և լրացուցիչ չնախատեսված ռիսկեր են բանկերում հաշվի առնվում, և դրա հետ կապված թե՛ կապիտալի, թե՛ այլ գործիքների, այսպես ասած, բուֆերներ կան, բարձիկներ կան։ Ցանկացած ռիսկ, այսօր կարող ենք ասել, մեր բանկային համակարգն այնքան կապիտալացված և այնքան իրացվելիություններ ունի, որ մենք ցանկացած ռիսկերի կարող ենք դիմակայել»,- նկատում է բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ոչ թե ճգնաժամ է, այլ հնարավորություն». Փաշինյանն անդրադարձավ ռուսական շուկայի սահմանափակումներին

Գյուղատնտեսական արտադրանքի և խմիչքների ներմուծումն արգելելուց բացի, Ռուսաստանը նաև վերջին շրջանում ակտիվ ակնարկում է ԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին սպասվող մռայլ ապագայի մասին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գուժում է ԵԱՏՄ վերջը, եթե Հայաստանի արտահանողների առջև ԵԱՏՄ դռները շարունակեն փակ մնալ։ Եթե այս սցենարն իրականություն դառնա, բանկերի միության նախագահի պնդմամբ՝ իրենք խնդիրներ կունենան, բայց կարճաժամկետ։

Ազատյանի խոսքով.- «Ռիսկերը հիմնականում տեղի են ունենալու կարճաժամկետ հատվածում։ Երկարաժամկետ հատվածում, այսինքն՝ մի քանի տարի անց բանկերն ի վիճակի կլինեն այդ իրավիճակից դուրս գալ։ Շատ, եթե եսասիրական կոնտեքստում խոսեմ, մենք չունենք սցենար, որ այդ իրավիճակում ասենք բանկը կարող է սննկանալ։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ բիզնեսները, եթե դժվարություն ունեցան, ապա դա ազդելու է բանկային համակարգի ցուցանիշների վրա, բայց կատաստրոֆիկ ազդեցություն բանկերի վրա մենք չենք կանխատեսում։ Իհարկե, նորից եմ կրկնում կարճաժամկետ հատվածում բացասական ցուցանիշներ, բացասական ազդեցություններ մենք տեսնելու ենք»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Սենց երկրում ես չեմ ուզում ապրեմ». Գագիկ Ծառուկյանի բիզնեսների աշխատողները՝ անորոշության մեջ

Հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանողներից բացի խնդիրների առջև են նաև հազարավոր մարդիկ, որ աշխատում են կալանավորված ընդդիմադիր գործարար Գագիկ Ծառուկյանի ընկերություններում։ Արդեն մի ամիս է՝ պարապուրդի մեջ են, կառավարության շենքի մոտ պարբերաբար հստակություն են պահանջում և ասում՝ վարկեր ունեն, որ չգիտեն՝ ինչպես են մարելու։

«Դե չենք կարող փակել էլի, պետությունն ինձ թվում է, որ կփակի մեր վարկերը։ Բա որ չենք աշխատում, ի՞նչ անենք։ Մեր նախաձեռնությամբ չի դա տեղի ունեցել», «Մարդիկ կան, ովքեր ընտանիքով են «Մուլտի Գրուպ»-ում աշխատում, հասկանու՞մ եք, ու այսօր այդ մարդիկ, ընտանիքի անդամները, ոչ մեկ չի աշխատում»,- ասում են «Մուլտի Գրուպ»-ի աշխատակիցները։

Արդյո՞ք բանկային համակարգը հաշվարկել է, թե ինչ կլինի, եթե իրար գումարվեն արտաքին արգելքների բախված արտահանողների և Ծառուկյանի կազմակերպությունների աշխատակիցների խնդիրները, Դանիել Ազատյանն ասում է.

«Մինչև 2022 թվականը չաշխատող վարկերի կշիռը մոտավորապես հինգից վեց, մինչև յոթ տոկոս էր բանկային համակարգում։ Հիմա իջել է մեկից երկու տոկոս։ Այսինքն՝ երեք-չորս անգամ, նույնիսկ եթե չաշխատող վարկերի թիվը հիմա շատանա, մենք նոր վերադառնալու ենք 20 թվականի մակարդակի։ Եթե մենք ունենք սցենար, որ 10 անգամ կարող է շատանա վարկերը, չմարվող վարկերը, մենք 22 թվականից կունենանք երկու անգամ վատ վիճակ»։