Դավիթ Մինասյանը հիվանդանոցից տեղափոխվել է Արմավիրի բանտ

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով այսօր երկու ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը հիվանդանոցից տեղափոխվել է Արմավիրի բանտ:

Դատարանից բանտ ճանապարհին նա կորցրել էր գիտակցությունը, տեղափոխվել հիվանդանոց:

Դատարանն այսօր բավարարեց Դավիթ Մինասյանին կալանավորելու քննչականի միջնորդությունը:

Փաստաբանները հայտնել էին, որ Դավիթը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն՝ չբացահայտված ալերգիա ունի: Տղայի մայրը՝ դատական նիստից առաջ բաց նամակով դիմել էր դատարանին: Գայանե Մինասյանը խնդրել էր որդուն հնարավորություն տալ դատական նիստերին սպասել ազատության մեջ՝ շեշտելով՝ որդին 4 տարեկանից ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հարված չի եղել». փաստաբանները հերքում են ՔԿ-ի վարկածը եկեղեցու միջադեպի վերաբերյալ

Այս գործով Դավիթի եղբայրը՝ Միքայել Մինասյանը երեկ Քննչականից ազատ արձակվեց: Խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվեց գրավ՝ 5 միլիոն դրամի չափով:

Քննչական կոմիտեն երեկ մեղադրանք առաջադրեց Սուրբ Աննայում տեղի ունեցած միջադեպից հետո երեք ձերբակալվածներին: 18-ամյա Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ Միքայելը՝ աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում: