Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով այսօր երկու ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբաններն ու ընկերները բողոքի ակցիա են անցկացնում Գլխավոր դատախազության շենքի մոտ: Նրանք պահանջում են փոխել նրա խափանման միջոց կալանավորումը:
Դատարանն այսօր բավարարեց Դավիթ Մինասյանին կալանավորելու քննչականի միջնորդությունը:
Այս գործով Դավիթի եղբայրը՝ Միքայել Մինասյանը երեկ Քննչականից ազատ արձակվեց: Խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվեց գրավ՝ 5 միլիոն դրամի չափով:
Քննչական կոմիտեն երեկ մեղադրանք առաջադրեց Սուրբ Աննայում տեղի ունեցած միջադեպից հետո երեք ձերբակալվածներին: 18-ամյա Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ Միքայելը՝ աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում: