Դատարանը սկսեց հարցաքննել Վարդան Ղուկասյանի գործով վկաներին

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դատարանում, արխիվ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ գործով դատարանն այսօր սկսեց հարցաքննել վկաներին:

Լրատվամիջոցներին արգելվեց տեսանկարահանել հարցաքննությունները, դատարանը թույլատրեց միայն ձայնագրել և այդ նյութերը հրապարակել բոլոր վկաների հարցաքննությունն ավարտելուց հետո:

Վարդան Ղուկասյանը մեղադրվում է 4 միլիոն դրամ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի հոդվածներով, մեղքը չի ընդունում, մեղադրանքն էլ համարում է քաղաքական հետապնդում:

Ըստ մեղադրանքի, քաղաքապետն իր աշխատակցի հետ կաշառքի դիմաց քաղաքացու օգտին որոշում են կայացրել՝ ինքնակամ, քանդման ենթակա կառույցը փաստաթղթերով դարձնելով օրինական, նոր կառուցվող շինություն:

Ըստ գործի՝ գործարար Սևակ Գոմցյանն է քաղաքապեին կաշառք փոխանցել: Ղուկասյանը, սակայն, նախորդ նիստին պնդել է, թե նրան չի էլ ճանաչում:

Դատարանը մարտի 4-ին բավարարել էր դատախազի միջնորդությունն ու կալանքը երկարացրել ևս երկու ամսով, բայց Ղուկասյանի փաստաբանը պնդել էր՝ բանտային պայմաններում նրա առողջական վիճակն է՛լ ավելի է վատացել. թեթև շաքարային դիաբետը բարդացել է:

Տարեսկզբին բժշկական փորձաքննություն անցկացրած բժիշկները եզրակացրել էին, որ Ղուկասյանը բանտային կալանքը կրելու հետ անհամատեղելի հիվանդություններ չունի, բայց նաև շեշտել էին, որ նա պարբերաբար հետազոտվելու կարիք ունի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարդան Ղուկասյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակԳյումրիի քաղաքապետի փաստաբանները դատարանում կրկին պնդեցին՝ Ղուկասյանը քաղաքական հետապնդման է ենթարկվումՓաստաբանները պնդում են՝ նաև Վարդան Ղուկասյանի գործով դատավորին են մոլորեցրել ու նրան ԲԿ-ի փոխարեն բանտ տարելՎարդան Ղուկասյանը դատարանից կրկին տեղափոխվեց հիվանդանոցՎարդան Ղուկասյանը հիվանդանոցից կրկին բանտ տեղափոխվեց. շտապօգնության բժշկի մուտքը ՔԿՀ արգելվել էՎարդան Ղուկասյանը բանտից հիվանդանոց է տեղափոխվել