Քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը, ակցիա դատարանի բակում

Դատարանը վերսկսել է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննությունը:

Տնային կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանին այսօր դատարան բերեցին ոստիկանական ավտոմեքենայով: Կարապետյանը լրագրողների հարցերին չպատասխանեց՝ նշելով, որ իրավունք չունի խոսելու, փաստաբաններն էլ հավելեցին, որ՝ կա սահմանափակում:

Ամռանը իշխանության թիրախում հայտնված՝ Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու հայտարարությունից հետո կալանավորված գործարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցները օրինականացնելու համար:

Նախորդ դատական նիստում գործարարի փաստաբանները միջնորդեցին, որ դատավորն առաջնահերթ քննի Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը: 60-ամյա միլիարդատերը ցանկանում է հաջորդ շաբաթ մասնակցել իր կուսակցության համագումարին:

Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նիստի ընթացքում հայտարարեց՝ «ինչո՞ւ բացառապես պատշաճ վարքագիծ դրսևորող Սամվել Կարապետյանը պետք է մնա անազատության մեջ»։ Վարդևանյանը խոսեց նրա՝ եկեղեցին պաշտպանելու մասին, ասաց. «Ի՞նչ պիտի աներ՝ խրախուսե՞ր եկեղեցու դեմ գործողությունները։ Այդպես էլ մենք չհասկացանք այդ 40 վայրկյանանոց հարցազրույցի մեջ «մեր ձևով» արտահայտության վտանգավորությունը»:

Փաստաբանը շեշտեց՝ կալանքից ազատ արձակելու համար Կարապետյանը 4 միլիարդ դրամ է վճարել, անցած 10 ամսում երբեք որևէ խախտում թույլ չի տվել:

Վարդևանյանը նշեց, որ այս մեղադրանքի հետ կապված նույնիսկ այս գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանը նախաքննության փուլում գտել է, որ չկա հիմնավոր կասկած: Նույն այս դատավորն է ամիսներ առաջ Կարապետյանին ենթարկել տնային կալանքի։

Դատական նիստին զուգահեռ դատարանի բակում Կարապետյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա են անում նրա կուսակիցներն ու համախոհները:

Արամ Վարդևանյանը դատարանին առաջարկեց ավելացնել գրավի չափը ևս 400 միլիոն դրամով:

Սամվել Կարապետյանն իր ելույթում ասաց, որ արձանագրում է՝ «իրավական համակարգի ապօրինություններն ուղղված են իմ, մեր թիմի դեմ, որ կանգնեցնեն մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը: Փոփոխությունները լինելու են, շատ շուտով ուժեղ Հայաստան ենք ունենալու»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Թղթի կույտ, աբսուրդ մեղադրանք». Սամվել Կարապետյանին ոստիկանական ավտոմեքենայով բերեցին դատարան