Դատարանը քննում է Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցը

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում մեկնարկել է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդության քննությունը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) թույլտվությունից հետո իրավապահները գիշերը ձերբակալեցին Անդրանիկ Թևանյանին:

ԿԸՀ-ն մոտ 9 ժամ տևած նիստից հետո բավարարել էր դատախազության միջնորդությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուին զրկել անձեռնմխելիությունից։

Դատախազությունը հայտնել էր, որ ԿԸՀ-ն բավարարել է ոչ միայն Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, այլևս ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները:

Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով, մեղքը չի ընդունում, հետապնդումն էլ համարում է քաղաքական։

Քննչականը, սակայն, հակադարձում է՝ ունեն տեղեկություններ, որ Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և երկու տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենը, ով ըստ իրավապահների, օտարերկրյա գործակալ է, 622 հազար դոլարի դիմաց Թևանյանից ստացել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Դրանք վերաբերում են 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ, գաղտնի նիստում կայացած լսումներին, որոնք սահմանազատման թեմայով էին։ Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված այդ նիստին մասնակցել էին արտգործնախարարն ու Սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։