Առաջին ատյանի դատարանը բավարարել է Ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտպանի բողոքը՝ որպես խափանման միջոց բացակայելու արգելքի դեմ, պնդում է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Ըստ Զոհրաբյանի՝ դատարանի որոշման հիման վրա Գարգեին Բ վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման:
Գարեգին Երկրորդը մեղադրյալ էր դարձել շուրջ երկու ամիս առաջ՝ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսին վերաբերող դատական ակտը չկատարելու գործով: Ընտրված խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը, նրա իրավական թիմն անհեթեթ էր որակել ու դիմել դատարան՝ այն վիճարկելու:
Այդ արգելքի, ինչպես նաև ժամանակավոր Վրաստան մեկնելու թույլտվությունը քննիչի կողմից մերժելու պատճառով Ամենայն Հայոց կաթողիկոսը չէր կարողացել մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը:
Երբ լրագրողները վարչապետից հետաքրքրվել էին, թե կթույլատրվի վեհափառին մասնակցել արարողությանը, կաթողիկոսի հրաժարականն արդեն մեկ տարի պահանջող Նիկոլ Փաշինյանն այսպես էր արձագանքել. - «Ես Գարեգին, ես Կտրիճ Ներսիսյանին չեմ ճանաչում որպես կաթողիկոս»:
Իշխանությունները, որ Գարեգին Երկրորդին «սպառնալիք» են համարում Հայաստանի անվտանգության համար, նրա հեռացման հարցն ընդգրկել են նախընտրական ծրագրում: