Դատախազությունն ուսումնասիրում է 300 հազարով գնված և 2 մլն-ով վարձով տրված «Opel»-ի պատմությունը

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի պատկերացմամբ՝ եղբոր գնած 300 հազար դրամանոց «Opel»-ը համայնքային կառույցին տարեկան 2 միլիոնով վարձով տալը բոլորովին ձեռնտու գործարք չէ, և նա դա արել է «հանուն համայնքի»։

«Բոլորի համար մրցույթը բաց է եղել, բոլորը իրավունք ունեին մասնակցել, եթե որևէ մեկին ձեռնտու լիներ կամ լավ գին լիներ օրը 5000 դրամով այդ ծառայությունն իրականացներ, կգային, կմասցնակցեին», - ասաց Կարեն Համբարձումյանը:

«Հետք»-ը երեկ մի հոդված հրապարակեց, ըստ որի Սիսիանի ավագանու ՔՊ-ական անդամ Տիգրան Համբարձումյանը 300 հազար դրամանոց մեքենան տարեկան 2 մլն-ով վարձակալության է տվել «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Համբարձումյանի եղբայր, ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանն այսօր պարզաբանեց, թե տարեկան մոտ 2 միլիոն եկամուտը շահութաբեր չէ, մեքենան վարձով տալու դիմաց իր եղբայրն ամսական ստանում է ընդամենը 150 հազար դրամ, իսկ օրական՝ 5000 դրամ:

«Ամեն ինչ արվել է հանուն համայնքի, եթե կա մեկն ով օրական 5000 դրամով դա կանի, թող գա անի: Ես երեկ մամուլից եմ իմացել, որ նման բան է եղել», - նշեց նա:

Ըստ «Հետք»-ի՝ «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ը 2026 թվականին հայտարարել է ավտոմեքենայի վարձակալության մրցույթ, որի տեխնիկական բնութագիրը, ըստ էության, կազմվել է կոնկրետ գույքի պարամետրերին համապատասխան: Մրցույթի միակ մասնակիցն ու հաղթողը եղել է Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տիգրան Համբարձումյանը:

Նա հրաժարվել է պարզաբանել, թե ինչպե՞ս է իրեն հաջողվել 300 հազար դրամանոց մեքենան 1 միլիոն 990 հազար դրամով վարձակալության հանձնել համայնքին: Խորհրդարանում նրա եղբայրը պնդեց, թե այլ մասնակից չի եղել, իր եղբայրը դիմել ու հաղթել է. «Այսօր ցանկացած տաքսի 5000 և ավելի գումար է աշխատում, արվել է հանուն համայնքի, հանուն դպրոցի: Դա ոչ ձեռնտու ծառայություն է»:

Համբարձումյանի խոսքով՝ չէր կարող լինել քաղաքական կամ պաշտոնեական ազդեցության չարաշահում, որի արդյունքում համայնքային ՊՈԱԿ-ը պարբերաբար գնումներ կկատարեր ավագանու անդամից՝ ակնհայտ անհամաչափ բարձր գներով։

ՊՈԱԿ-ը 2022–2026 թվականներին վարձակալել է նույն մեքենան, սակայն դրա գինը տարիների ընթացքում փոփոխվել է:

2022-ին, երբ մեքենան դեռ չէր պատկանում Տիգրան Համբարձումյանին, այն վարձակալվել է 695 հազար դրամով, 2023-ին՝ 1 մլն 595 հազար, 2024-ին՝ 1 մլն 740 հազար դրամով։ 2025 թվականին արդեն, երբ Տիգրան Համբարձումյանը գնել է մեքենան, նրա հետ կնքվել է 1 մլն 540 հազար դրամի պայմանագիր, իսկ այս տարի վարձակալության տարեկան գինը դարձել է 1 մլն 990 հազար դրամ:

Թե ինչո՞ւ է տարեցտարի վարձը թանկացել, Կարեն Համբարձումյանն այսօր չասաց:

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ ուսումնասիրում են հրապարակումը: