Մատչելիության հղումներ

«Դա ոչ ձեռնտու ծառայություն է». ՔՊ-ականը՝ 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության տալու մասին

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Opel»-ի հաջողությունը. ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին» վերտառությամբ հրապարակումը, «Ազատությանը» փոխանցեցին գլխավոր դատախազությունից:

Երեկ «Հետք»-ը գրել էր, որ «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ը 2026 թվականին հայտարարել է ավտոմեքենայի վարձակալության մրցույթ, որի տեխնիկական բնութագիրը, ըստ էության, կազմվել է կոնկրետ գույքի պարամետրերին համապատասխան՝ խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքը։
Մրցույթի միակ մասնակիցն ու հաղթողը եղել է Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տիգրան Համբարձումյանը: Նա նաև ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայրն է։

Վերջինս 2025 թվականին ընդամենը 300,000 դրամով գնած 1998 թվականի արտադրության «Opel» մակնիշի մեքենան ՊՈԱԿ-ին 1 տարով վարձակալության է հանձնել 1,990,000 դրամով, ինչը ավելի քան 6 անգամ գերազանցում է մեքենայի առքի գինը։ 2022-2026 թվականների ընթացքում նույն մեքենայի վարձակալության տարեկան արժեքը 695,000 դրամից հասել է գրեթե 2 միլիոնի, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենն ու ավագանու անդամը հրաժարվել են հստակ պարզաբանումներ տալ գնագոյացման վերաբերյալ։

«Ամեն ինչ արվել է հանուն համայնքի, եթե կա մեկն ով օրական 5000 դրամով դա կանի, թող գա անի: Ես երեկ մամուլից եմ իմացել, որ նման բան է եղել, նման ծառայություն են մատուցում: Այսօր ցանկացած տաքսի 5000 և ավելի գումար է աշխատում, արվել է հանուն համայնքի, հանուն դպրոցի: Դա ոչ ձեռնտու ծառայություն է», - նշեց Կարեն Համբարձումյանը:


​
XS
SM
MD
LG