Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ Այս մասին հայտնում են դատախազությունից՝ ի պատասխան «Ազատության» հարցման:

Շուրջ 80-էջանոց այս փաստաթղթում ներառված տեղեկությունների գերակշիռ մասի հիմքում տարբեր տարիների մամուլի հրապարակումներն են, որոնք պարունակում են առերևույթ հանցագործության, մասնավորապես՝ մանկապղծության/սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքների ենթադրյալ տարրեր: «Ազատություն»-ը հետաքրքրվել է՝ դատախազությունը նախկինում ուսումնասիրել է հիշյալ զեկույցում հանցագործության ենթադրյալ տարրեր պարունակող հրապարակումները:

Դատախազությունն անպատասխան է թողել հարցերը՝ եթե նշված հրապարակումներն ուսումնասիրվել են, ապա դրանց արդյունքում նախաձեռնվե՞լ է քրեական վարույթ, ո՞ր հոդվածներով, և կա՞ն արդյոք ներգրավված մեղադրյալներ ու ի՞նչ հոդվածով:

«Ազատություն»-ը նաև խնդրել էր պարզաբանել՝ եթե նշված հրապարակումները նախկինում չեն հանդիսացել ուսումնասիրության առարկա, ապա ինչո՞ւ: Այս հարցին ևս դատախազությունը չի անդրադարձել:

Զեկույցը կազմվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, ով անցած տարվանից փորձում է գահից հեռացնել Հայ Առաքելական եկեղեցու հովվապետին՝ Գարեգին Երկրորդին ներկայացնելով մի շարք լուրջ մեղադրանքներ: Այս զեկույցում ներկայացվում են պնդումներ, այդ թվում՝ հոգևորականների սեռական կյանքի վերաբերյալ մանրամասներ, որոնք հիմնականում հիմնված են կաթողիկոսից տարբեր պատճառներով դժգոհ տարբեր հոգևորականների հարցազրույցների վրա: Թեև Հայ Առաքելական եկեղեցին իր տնօրինած գույքի բերումով Հայաստանի խոշոր հարկատուներից է, զեկույցում նաև ծավալուն անդրադարձ կա ֆինանսական թափանցիկության խնդիրներին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է, որ «Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական»։

Վարչապետ Փաշինյանը, որն ավելի քան մեկ տարի է՝ տարբեր պատճառաբանություններով փորձում է հասնել կաթողիկոսի հեռացմանը, այդ հարցը ներառել է նաև «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական և իր կառավարության ծրագրում։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում, սակայն, նա քաղաքացիների հետ այս մասին չի խոսել և չի անդրադարձել եկեղեցուն կամ հոգևորականներին։ Վարչապետն այս օրակարգը թարմացրեց միայն ընտրվելուց հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ցածրորակ և դեղին մամուլի հրապարակում». եկեղեցու դեմ զեկույցը քննադատում են իրավապաշտպաններըԵկեղեցու մասին զեկույց կհրապարակվի. ընդդիմությունը «ապօրինի է» որակում, իշխանությունը՝ հարկման մասին խոսում