Դանիան հայտնել է, որ Ռուսաստանը դիվերսիաներ է կատարում իր ռազմական ընկերությունների դեմ

Դանիայի և ԵՄ-ի դրոշները ծածանվում են ավտոբուսի վրա, 2-ը հունվարի, 2011 թ., Կոպենհագեն

Ռուսաստանը դիվերսիոն գործողություններ է սկսել Ուկրաինային ապրանքներ մատակարարող դանիական ռազմական ընկերությունների դեմ, Կոպենհագենում անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է Դանիայի ոստիկանության հետախուզական ծառայության վերլուծաբան Ժոզեֆին Քրիստենսենը։

«Գարնանը մենք տեսանք, որ շատ բան է պլանավորվում, բայց շատ քիչ իրականացում, բայց ամռան սկզբին արդեն տեսանք, որ նրանք սկսեցին իրականացնել շատ ավելին», - ասել է նա։

Քրիստենսենը բացատրել է, որ Ռուսաստանն այժմ հարձակվում է զենքի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների վրա և «փորձում է հարվածել այն թիրախներին, որոնք անմիջական ազդեցություն ունեն առաջնագծի վրա»։

Նա նշել է, որ Մոսկվան հաճախ օգտագործում է անփորձ գործակալներ, այդ թվում՝ անօթևաններ և թմրամոլներ, որոնց հավաքագրում են Telegram-ի և այլ սոցիալական ցանցերի միջոցով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բուլղարիայի ափերի մոտ անօդաչուները հարվածել են առևտրային 2 նավի, մեկը խորտակվել է

Քրիստենսենի խոսքով՝ հավաքագրումը սովորաբար սկսվում է պարզ առաջադրանքներից, ինչպիսիք են հետախուզությունը կամ կոնկրետ տարածքի կամ օբյեկտի լուսանկարումը, ապա անցնում են իրական դիվերսիոն գործողությունների։

«Դա կարող է լինել ցանկացած մեկը, ով պարզապես ցանկանում է արագ գումար ձեռք բերել։ Եթե առաջին անձի դեպքում չի հաջողվում, կփորձեն խնդիրը լուծել մեկ ուրիշի միջոցով, մինչև հասնեն իրենց ուզածին»,- բացատրել է նա։

Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ ԵՄ 27 երկրների դեսպանները վերջին շաբաթներին քննարկում են, թե ինչպես պետք է դաշինքը արձագանքի Ռուսաստանի կողմից հնարավոր լայնածավալ հիբրիդային հարձակումներին, որոնք կարող են հանգեցնել մարդկային զոհերի: Հինգ ԵՄ դիվանագետներ և պաշտոնյաներ պարբերականին ասել են, որ նման սցենարը գնալով ավելի հավանական է դառնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները

Դիվանագետները քննարկում են արտակարգ իրավիճակներին արձագանքման խմբերի տեղակայումը, տուժած երկրին տրամադրվող ֆինանսական օգնությունը և ԵՄ ինստիտուտների ղեկավարների միջև փոխգործակցության ընթացակարգերը։

Ի դեպ, երեկ Եվրամիության դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ցանկը, որում ընդգրկված է 826 կազմակերպություն և 743 ֆիզիկական անձ. սա աննախադեպ է պատժամիջոցների միաժամանակյա ընդլայնման առումով:

Բոլոր կազմակերպությունները կապված են ռուսաստանյան ռազմական արդյունաբերության հետ, իսկ ֆիզիկական անձինք դրանց ղեկավարներ և աշխատակիցներ են, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Սիստեմա» հետաքննական նախագիծը: Կազմակերպությունների մի մասի նկատմամբ պատժամիջոցները ոչ թե առաջին անգամ են սահմանվում, այլ ընդլայնվում են: