Դա պատմական Ռուսաստանի տարածքն է. Պուտինը՝ Ուկրաինայից գրաված հողերի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում Սանկտ Պետերբուրգի 12-րդ միջազգային միացյալ մշակույթների ֆորումում, 25-ը սեպտեմբերի, 2026 թ.

Վլադիմիր Պուտինը համաձայն չէ Ուկրաինայի նախագահի հետ, որ ռազմաճակատի երկայնքով մարտական գործողությունները դադարեցնելու դեպքում Ուկրաինան տարածքներ է կորցնում: Ռուսաստանի նախագահը պնդել է՝ դրանք ուկրաինական տարածքներ չեն:

«Դա պատմական Ռուսաստանի տարածքն է։ Ավելին, այնտեղ ապրող ժողովուրդը նախ քվեարկել է պետական անկախության օգտին։ Եվ որպես երկրորդ քայլ … նրանք քվեարկել են ՌԴ-ի հետ վերամիավորելու օգտին։ Այնպես որ, ըստ իս՝ տեղին չէ խոսել որևէ տարածքային կորստի մասին»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանն արդեն գրավել է Ուկրաինայի միջազգայինորեն ճանաչված տարածքի մոտ 20%-ը և պահանջում է, որ Կիևը զիջի ամբողջ Դոնբասը, ներառյալ այն հատվածները, որոնք դեռ ուկրաինական զինուժն է վերահսկում:

Պուտինը համաձայն է

Պուտինը նաև ասել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ վերջին հանդիպմանը համաձայնել է Վաշինգտոնի միջնորդությամբ Կիևի հետ շփումները վերսկսելու առաջարկին: Ըստ Կրեմլի ղեկավարի՝ այդ շփումների նպատակն է քննարկել հարցը, թե ինչպես է ապահովվելու Ուկրաինայի և Ռուսաստանի անվտանգությունը խաղաղության համաձայնության հասնելուց հետո:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եռակողմ հանդիպումների վերսկսում, դիզելային գործարք. ինչ են քննարկել Պուտինն ու Ուիթքոֆը

«Ընդորում, խոսքը վերջնական համաձայնության մասին է, այլ ոչ թե ռազմական գործողությունները կարճ ժամանակով դադարեցնելու։ Մենք պատրաստ ենք վերսկսել այս շփումները՝ այս նպատակին հասնելու համար»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը նաև ասել է, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը համաձայնել է Ուիթքոֆի հետ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցին զուգահեռ անհրաժեշտ կլինի խոսել նաև եվրոպական անվտանգության ճարտարապետության մասին:

Գերիների փոխանակում

Այս ֆոնին նախագահ Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են արել 270-ը՝ 270-ի դիմաց: Ուկրաինայի նախագահն ասել է, որ նրանց մեջ կան Ազգային գվարդիայի անդամներ, այդ թվում՝ «Ազով» բրիգատի զինվորներ, սահմանապահներ, Տարածքային պաշտպանության ուժերի, Ռազմածովային նավատորմի և Օդադեսանտային գրոհային ուժերի ծառայողներ, Պետական հատուկ տրանսպորտային ծառայության ներկայացուցիչներ, ինչպես նաև ինը քաղաքացիական անձինք, որոնց մեծ մասը գերության մեջ էր 2022-ից:

Ուկրաինան և Ռուսաստանը գերիներ են փոխանակել՝ 270-ը 270-ի դիմաց, 23-ը հոկտեմբերի, 2026 թ.

Զելենսկին նաև նշել է, որ ազատ արձակվածների մեծ մասը Մարիուպոլում Ուկրաինան պաշտպանած զինվորներ են երկրի տարբեր շրջաններից, որոնցից մի քանիսն «անօրինական կերպով դատապարտվել են Ռուսաստանում»: Վերադարձածների թվում է հինգ մարդ, որոնք մահացած էին համարվում 2022 թվականի հուլիսին Օլենովկայի հարձակման ժամանակ:

Ուկրաինան և Ռուսաստանը գերիներ են փոխանակել՝ 270-ը 270-ի դիմաց, 23-ը հոկտեմբերի, 2026 թ.

«Մենք հիշում ենք նրանցից յուրաքանչյուրին և շարունակում ենք փնտրել նրանց բոլորին։ Շնորհակալություն բոլոր նրանց, որոնք աշխատում են փոխանակման համար։ Եվ, իհարկե, մենք շնորհակալ ենք մեր զինվորներին, որոնք առաջնագծում են»,- ասել է Զելենսկին:

Starlink-ը վերականգնվե՞լ է

Մինչ այդ էլ Զելենսկին ասել էր, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ չի վերականգնել Starlink արբանյակային կապի արագությունը: Դրա պատճառով Ուկրաինան չի կարողանում ուղղորդել իր անօդաչուները ռուսական թիրախներին հարվածելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինայում Starlink կապի արագությունը վերականգնվել է. Թրամփ

«Այն դեռ չի վերականգնվել 400 կմ/ժ արագության: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Ես ԱՄՆ պետքարտուղարից պատասխանի եմ սպասում: Նա խոստացել է ինձ հետ կապվել մոտ 48 ժամվա ընթացքում»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Մինչ այդ ԱՄՆ նախագահն էր հայտարարել, թե կապի արագությունը վերականգնվել է: Դոնալդ Թրամփը հրաժարվել էր մեկնաբանել լուրերը, թե կառավարությունից են Starlink կապն ապահովող SpaceX ընկերության սեփականատեր Իլոն Մասկին կարգադրել, որ դանդաղեցնի կապն Ուկրաինայում: «Կարևոր չէ՝ ես եմ զանգել, թե այլ մեկը։ Կարծում եմ՝ կարևորն այն է, որ նա ամեն ինչ վերականգնեց»,- ասել էր Թրամփը։