Չվերականգնված կամուրջն ու հայկական ժառանգությունը Անիում

Չնայած Հայաստանն ու Թուրքիան ունեն Անիի կամուրջը վերականգնելու պայմանավորվածություն, մինչ այս պահը տեղում աշխատանքներ չեն իրականացվում։

«Ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ», - Անկարայում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանի այս հայտարարությունից արդեն ավելի քան երեք տարի է անցել, սակայն առայժմ ոչ հայ-թուրքական սահմանն է բացվել, ոչ էլ կամուրջը վերանորոգելու սիմվոլիկ քայլն է իրականություն դարձել:

Իսկ որքանո՞վ է պաշտպանված հայկական ժառանգությունը սահմանամերձ այս շրջանում:

Բագրատունիների մայրաքաղաք մտնելիս տեղեկատվական ծանոթագրություններում թեև գրված է Անիի հայկական ծագման մասին, այդուհանդերձ հենց դարպասի հետևում ծանոթագրական տեքստը Սելջուկ թուրքերի արշավանքը Անիի գրավումն ու այդ մասին Էվուլ Մենուչերի թողած արձանագրությունն է հիշատակում, սակայն քիչ այն կողմ գտնվող հայերեն արձանագրության մասին հիշատակում չկար։

Հայկական եկեղեցիների անվանումները թեև ներկայացված են, սակայն պատմությունը ներկայացնող ծանոթագրական պաստառներ քիչ են հանդիպում։

Արվեստի պատմաբան, լրագրող Իբրահիմ Սուլեյմանովլուի խոսքով՝ ոչ ոք չի հերքում, որ Անիի եկեղեցիները հայկական են, այդուհանդերձ, ըստ նրա, այստեղ ներկայացնում են տարբեր շրջանների պատմությունը։

«1044 թվականին այն անցել է Բյուզանդիային, իսկ 1064-ին եկել են սելջուկները։ Նրանք գրավելով տարածքը, տաճարը մզկիթի են վերածել, այդ պատճառով այն հայտնի է նաև որպես Ֆեթիե մզկիթ։ Այսինքն, խոսքը վերաբերում է պատմական տարբեր ժամանակաշրջաններ ներկայացնելուն», - ասաց նա։

Անիի մայր տաճարում՝ Սուրբ Փրկիչ եկեղեցում վերականգնողական աշխատանքներ են ընթանում, թե երբ կավարտվեն տարիներ առաջ մեկնարկած աշխատանքները, պարզ չէ:

Փորձագետի խոսքով՝ նպատակը ոչ թե վերակառուցելն է, այլ պահպանումը. «Անիում հայկական մշակութային ժառանգության հետքերը բավական շատ են, և դրանք հազվագյուտ օրինակներ են։ 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցվելը լրացուցիչ մշակութային պաշտպանություն է տալիս այս տարածքին ու նպաստում, որ պահպանման աշխատանքները շարունակական լինեն: Կոնսերվացիայի նպատակն է այն պահպանելն իր ներկայիս վիճակով և հետագա փլուզումները կանխել։ Մենք նաև ժամանակավոր երկաթյա կոնստրուկցիաներ ենք տեղադրել տաճարի ներսում՝ կառույցի ամրությունն ապահովելու և անվտանգ ուսումնասիրություններ կատարելու համար, սակայն դրանք մշտական չեն»:

Իսկ հնարավո՞ր է վերականգնել ավելի քան հազար տարի առաջ կառուցված Անիի մայր տաճարի գմբեթը։ Իբրահիմ Սուլեյմանովլուի խոսքով՝ շատ բարդ ճարտարապետական խնդիր է։

«Եթե ժամանակակից նյութեր՝ բետոն, երկաթ կամ ցեմենտ օգտագործեն, ծանրությունը կավելանա և կխախտի տաճարի պատմական ինքնատիպությունը։ Վերականգնումը պետք է իրականացնել բնօրինակին մոտ նյութերով, օրինակ՝ տուֆ քարով ու հատուկ կրաշաղախով։ Որոշումները գիտականորեն հիմնավորելու համար ինստիտուտները այժմ ուսումնասիրություններ են անցկացնում», - ասաց փորձագետը։

Անիի մայր տաճարը շրջանի միակ եկեղեցին չէ, որը հետագայում մզկիթի է վերածվել։ Ավելի քան հազար տարի առաջ կառուցված Կարսի Սուրբ առաքելոց եկեղեցին մահմեդականների աղոթատեղի են դարձրել ընդամենը տասնամյակներ առաջ։