«Հաճելի չէր, որ քաղաքական պաշտոն ունեցող մարդն այդպիսի բան է գրել». - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասահ Օգնյեն Չանչարևիչը տարակուսած է Չեռնոգորիայի հետ տնային հանդիպումից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից:
Ազգությամբ սերբ 37-ամյա ֆուտբոլիստը չի հասկանում՝ ինչն է դրդել Արայիկ Հարությունյանին նման արտահայտություն անել, երբ ինքն ամեն անգամ ազգային թիմի մարզաշապիկը հանգնելիս ամբողջությամբ նվիրվում է թիմին, սիրում է Հայաստանն ու ուզում է լավագույնն անել երկրի համար:
«Ինչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի մի մարդու հանդեպ, որը երբեք ոչ մեկին չի վնասել: Խաղից հետո ես էլ էի տխուր, սակայն չեմ հասկանում՝ քաղաքական բարձր պաշտոն ունեցող մարդն ինչո՞ւ է նման բան արել, չգիտեմ, արդյոք դիտմամբ է՞ արել, ուզել է վնասե՞լ ինձ, չգիտեմ, ինձ համար սա նորմալ չէր», - հայտարարում է Չանչարևիչը:
Մի քանի օր առաջ Երևանում կայացած Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 2:3 հաշվով հաղթանակով: Հանդիպումը, սակայն, հավասար պայքարում անցավ, Հայաստանին ընտրանին կարող էր և հաղթել: Ֆուտբոլասերների կարծիքով՝ պարտության պատճառը նաև Օգնյեն Չանչարևիչի անհատական վրիպումներն էին: Այն ժամերին, երբ ֆուտբոլասերները կարծիքներով էին կիսվում և իրենց հույզերն արտահայտում, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ իշխանական պատգամավոր Արայիկ Հարությունյանը սոցցանցում գրեց. - «Ո՞նց կարող է Չանչարևիչը շարունակել մնալ հավաքականի դարպասապահ, ո՞նց»:
Գրառումից տարակուսած քաղաքացիների արձագանքը չուշացավ.
«Չանչարևիչը շատ լավ դարպասապահ է, արդար չի թիրախավորել»:
«Պարոն Հարությունյան, բերեք բոլորին քննադատենք մեկ սխալի համար ու ասենք, որ նրանք իրավունք չունեն խաղալ հավաքականում: Չի կարելի հաղթանակը համարել բոլորինը, իսկ պարտությունը բարդել մեկի վրա»:
Ոմանք էլ այս հարցին հակադարձում էին.
«Ոնց ՔՊ-ն, այնպես էլ... »:
«Ոնց որ Նիկոլը վարչապետ»:
Արայիկ Հարությունյանն այսօր հրաժարվեց «Ազատությանը» մեկնաբանություն տալ իր գրառման մասին: Չանչարևիչը ֆեյսբուքյան հաշիվ չունի, ընկերներն են տեղեկացրել Հարությունյանի գրառման մասին, խաղից հետո թիմակիցներն են մոտեցել, հորդորել չհուսահատվել:
«Տխրել էին ինձ համար, որովհետև սրան ես արժանի չեմ, բոլորը եկան և ասացին՝ «ուշադրություն մի դարձրու»: Ես ամուր հոգեբանություն ունեմ և վստահ եմ, որ ֆեսյբուքյան մեկ հրապարակումը չի կարող զրոյացնել այն ամենն, ինչ արել եմ: Ես միշտ 300 տոկոսով նվիրվելու եմ, անգամ մեկ ոտքով, ունենամ վնասվածք, թե ոչ, ինձ համար միևնույն է, ես ամեն կանեմ, որ Հայաստանը հնարավոր ամենալավ արդյունքն ունենա: Երբեմն լավ կլինի, երբեմն՝ ոչ, ով մեկ անգամ գնդակ է վերցրել՝ հասկանում է՝ ֆուտբոլային կյանքն այդպիսին է», - ասում է դարպասապահը:
Չեռնոգորիայի հետ խաղից հետո Օգնյեն Չանչարևիչին աջակցեց նաև ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
«Ինքը մեր համար շատ լավ դարպասապահ է ու հուսալի դարպասապահ է: Ասեմ, որ այո, երկրորդ գոլի ժամանակ սխալ ունեցավ՝ մի քիչ առաջ էր կանգնել, բայց դե, հիմա, աշխարհահռչակ դարպասապահներն էլ են սխալվում: Ընդհանուր առմամբ ես իրենից շատ գոհ եմ: Իր հոգեբանությունն էլ՝ շատ նվիրված է և շատ հանգիստ է», - ասաց Մելիքյանը:
Օգնյեն Չանչարևիչն այսօր Նիկոսիայում սպասվող Կիպրոս-Հայաստան հանդիպման չի մասնակցի հենց վնասվածքի պատճառով, ծանր վնասվածքից վերականգնված դարպասապահը ոտքի մկանի խնդիր ունի, հավաքականի բժշկական անձնակազմը հորդորել է նրան մի քանի օր հանգստանալ, այլապես գուցե ավելի ծանր խնդիր առաջանար:
«Բժշիկներն ու մարզիչը որոշեցին, որ ավելի լավ կլինի տուն վերադառնամ վերականգնվելու համար, որովհետև այս կողմի վրա յուրաքանչյուր հաջորդ ցատկից վայր ընկնելը կարող է ավելի վնասել», - նշել է Չանչարևիչը:
Երեկ հավաքականի մարզիչը, նախախաղային ասուլիսում պատասխանելով «Ազատության» հարցին, հորդորեց Չանչարևիչի հարցը չքաղաքականացնել. - «Այդ բողոքը իմ վրա չի կարող ազդել, ես եմ որոշում՝ ով պետք է լինի հավաքականում, ով չպետք է, ես եմ գլխավոր մարզիչը»:
38-ամյա Չանչարևիչը տխուր է, որ այսօր Հայաստանի հավաքականին դաշտում չի օգնի, հույս ունի, որ հաջորդ ամիս կայանալիք խաղերին կազմ ու պատրաստ կլինի: Ի դեպ, դարպասապահը չի ընդունում, որ իր սխալը շատ մեծ էր, ընդգծում է՝ սխալվում են նաև Չեմպիոնների լիգայի ու Աշխարհի առաջնության եզրափակիչներում: