Չալաբյանը կալանավորվեց երկու ամսով․ պաշտպանական կողմը կբողոքարկի որոշումը

Ընդդիմադիր «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին դատարանը երկու ամսով կալանավորեց:

«Կալանքի վայրը լինելու է Արմավիր քրեակատարողական հիմնարկը, տեսակցությունները փակ են բոլորի համար՝ բացառությամբ պաշտպանների», - հայտնեց փաստաբանը Վարազդատ Հարությունյանը:

Կալանքի սանկցիան, նրա փաստաբանի գնահատմամբ, իրավաչափ չէ, բողոքարկելու են:

Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է այսօր առավոտյան: Իրավապահները խուզարկել են նրա բնակարանն ու նրան տարել: Մեղադրանք է առաջադրվել ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցության օգտագործմամբ՝ մի խումբ մարդկանց ընտրելու իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության համար:

Մեղադրանքը հիմնավո՞ր է համարում փաստաբանը. «Մեղադրանքի հիմնավորվածությունն այս փուլում չի գնահատվում, այս փուլում գնահատվում է բացառապես մեղադրանքի հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված լինել-չլինելու հանգամանքը, որը բավականին նվազ շեմ է, այսինքն, այստեղ մեղավորության հարց չի լուծվում»:

Ըստ Քննչականի՝ ընտրություններից առաջ Ավետիք Չալաբյանը հանդիպել է այլ պետության պաշտոնյաների հետ, նրանց դրդել, որ իրենց ազդեցությունն օգտագործեն ու գործարարների միջոցով նրանց կազմակերպություններում աշխատող մարդկանց ուղղորդեն գալ Հայաստան ու քվեարկել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին: Քննչականը որպես ապացույց նշել է համացանցում տարածված ձայնագրությունը՝ պնդելով, թե հաստատվել է, որ դա հենց Չալաբյանի ձայնն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավետիք Չալաբյանը «ծայրից ծայր սուտ» է որակում իր մեղադրանքը

«Ուժեղ Հայաստանն» ու «ՀայաՔվե»-ն ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ համագործակցության հուշագիր ստորագրեցին: Ընտրություններից մեկ օր առաջ ձայնագրություն տարածվեց տելեգրամյան մի ալիքում, որ երկու տղամարդ ու մի կին ռուսերենով խոսում են Ռուսաստանում ապրող հայերի՝ Հայաստանում ընտրություններին մասնակցելու հնարավորության մասին: Ձայնագրությունից չի հասկացվում՝ ովքեր են Չալաբյանի զրուցակիցները:

Ձայնագրության հրապարակումից հետո «Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը գրեց, թե դիմելու են Քննչական կոմիտե, որ այս ձայնագրությունը կցվի ՌԴ պաշտոնատար անձանց կողմից Հայաստանում իշխանության զավթման փորձի համար հարուցված քրեական գործին: Իոաննիսյանը ենթադրում է, որ իրենց հաղորդման հիման վրա էլ ձերբակալել են Ավետիք Չալաբյանին:

Ձայնագրությունը դեռևս հունիսի 7-ին Ավետիք Չալաբյանը որակել էր կեղծիք: Ասել էր, թե հունվարին է հանդիպել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Շարքային զրույց է եղել, ծանոթացել են ու հրաժեշտ տվել այդ մարդկանց: Բայց ի՞նչն է կեղծիքը, իր ձայնը չէ՞, թե՞ մոնտաժված է, Չալաբյանն այս հարցին հստակ չպատասխանեց, չհերքեց, որ որոշ մտքեր ասել է:

Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը համարում է, որ ամուսնուն մեկուսացնում են քաղաքական նկատառումներով:

Փաստաբանն այս փուլում հրաժարվեց խոսել իր պաշտպանին առնչվող ձայնագրությունից ու գործի մանրամասներից: Հորդորեց սպասել դատական փուլին, որտեղ էլ, ըստ նրա, կփլվի, իր ձևակերպմամբ, շինծու գործը: