Բժշկական գաղտնի՞ք, թե՞ հանցավոր անգործություն. Կարեն Ավանեսյանի բժշկական տվյալները ստանալ փաստաբաններին չի հաջողվում

Արցախցի Կարեն Ավանեսյանը ադրբեջանական դատարանում, արտապատկերում APA-ի տեսանյութից, Գյանջա, դեկտեմբեր, 2025թ.

Եվրոպական դատարանը դեռ սպասում է Հայաստանի կառավարության հաստատմանը, որ վերջերս ադրբեջանական դատարանում 8 ծանր հոդվածներով 16 տարվա ազատազրկման դատապարտված հայ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի: Այս փաստաթուղթը կօգներ, որ Ստրասբուրգի միջազգային դատարանը փորձեր աջակցել ադրբեջանական բանտում պահվող տղամարդուն:

Կարեն Ավանեսյանի փաստաբաններն ավելի քան երկու շաբաթ առաջ են դիմել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:

«Ուղարկել ենք հարցում Ավանի հոգեկան առողջության կենտրոն՝ ստանալու տեղեկատվություն, թե արդյո՞ք ունեն ինչ-որ տվյալներ անձի առողջական վիճակի վերաբերյալ, բայց դեռևս պատասխան չենք ստացել», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Անաստասիա Մակարյանը:

58-ամյա Ավանեսյանի բժշկական տվյալները Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո տեղափոխել են Հայաստան: Փաստաբանները, սակայն, չեն կարողանում դրանք ստանալ՝ բժշկական գաղտնիքի ֆորմալ պատճառաբանությամբ: Եվրոպական դատարանում Ավանեսյանի շահերը ներկայացնող փաստաբանն ասում է, որ այս տեղեկանքը խիստ անհրաժեշտ է:

«Եթե անձը ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, էդ դեպքում արդեն անձին ազատազրկման դատապարտելը խնդրահարույց է», - ընդգծեց Անաստասիա Մակարյանը:

Ավանեսյանն այն մի խումբ հայերից է, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո մնացել էին Ստեփանակերտում: Անցած տարվա սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահը ժամանել էր Արցախ: Նույն օրը Ավանեսյանին ձերբակալել էին: Ըստ Բաքվի՝ արցախցի տղամարդը ««Կալաշնիկով» ինքնաձիգով, լիցքավորված պահեստատուփերով ու 5 նռնակներով փորձել էր մոտենալ միջոցառման վայրին, բայց ոստիկանները հասցրել էին կանխել: Ադրբեջանական իրավապահները նաև պնդում են՝ Կարենը «դիմադրել էր, կրակ բացել, նռնակներ նետել»: Բաքուն Ավանեսյանի վերաբերյալ տեսանյութ էր տարածել ու դա որակել «ահաբեկչության նախապատրաստություն»: Բայց այդտեղ Կարենը ոչ թե քայլում է դեպի այնտեղ, որտեղ Ալիևն է, այլ՝ հակառակ ուղղությամբ:

«Հանցավոր անգործություն». Արտակ Բեգլարյան

«Առաջին տարբերակը՝ կա՛մ հերթական անգամ ոչ պրոֆեսիոնալ են, երկրորդ տարբերակը՝ և կա՛մ իրենց ընդհանրապես չի հետաքրքրում ու չի անհանգստացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հատկապես արցախյան ծագմամբ հայերի ճակատագիրը, նրանց իրավունքների պաշտպանությունը, ևայլն, և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Արցախ» միության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար և Մարդու իրավունքների նախկի պաշտպանԱրտակ Բեգլարյանը:

Բեգլարյանը լիազորված է ադրբեջանական բանտարկության մեջ գտնվող տղամարդու անունից հանդես գալ Եվրադատարանում: Թվարկած պատճառներին նաև հավելում է ևս մեկը. Բաքվի հետ խաղաղության գնացող Հայաստանի համար արցախցիների իրավունքներն առաջնային չեն:

«Կարևոր հանգամանք է, բայց դա պատճառն է նաև, թե ինչու նրանք բոլոր դեպքերում, այդ թվում՝ Կարեն Ավանեսյանի պարագայում, աչք են փակում արցախցիների իրավունքների խախտումների վրա Ադրբեջանի կողմից, շարունակական խախտումների վրա, այդ թվում՝ մշակութային ժառանգության ոչնչացում, այդ թվում՝ մեր սեփականության ոչնչացում, բազմաթիվ այլ խախտումներ, որոնք կատարվում են նաև միջազգային դատարանների ակտերը խախտելով, որոնք ընդունվել են Հայաստանի դիմումի հիման վրա», - ընդգծեց «Արցախ» միության ղեկավարը:

Սա հանցավոր անգործություն է՝ պնդում է Բեգլարյանն ու որպես ելք մտածում այդքան կարևոր փաստաթուղթը ստանալ հենց Ստրասբուրգի դատարանի միջոցով. - «Ես վստահ եմ, որ մենք կարողանալու ենք ներպետական դատական ակտերով կամ վերջին տարբերակ՝ Եվրոպական դատարանի կողմից պարտավորեցնել Հայաստանի կառավարությանը և վերցնել այդ տվյալները, բայց Աստված գիտի, թե դա երբ կլինի, և էս անգործությունը հանցավոր ինչի կհանգեցնի: Միգուցե նույնիսկ սրա պատճառով Կարեն Ավանեսյանը, օրինակ, սպանվի բանտում»:

Կարեն Ավանեսյանի հարցով «Ազատություն»-ը հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարություն: Պատասխանում պետական կառույցը նշում է, որ այդ տեղեկանքը չի կարող տրամադրվել փաստաբաններին: Ինչ վերաբերում է Եվրադատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցչին, ապա նրա գրասենյակից «Ազատությանը» փոխանցել են, որ Հայաստանի կառավարությունը դեռևս պաշտոնապես ծանուցված չէ գործի մասին և կարող է ներգրավվել, երբ Ադրբեջանը կոմունիկացվի Եվրադատարանի կողմից, այսինքն՝ երբ տեղեկացվի գանգատի մասին:

Մինչ այդ, հոգեկան խնդիրներ ունեցող տղամարդը շարունակում է մնալ ադրբեջանական բանտում, ինչը կարող է նրան կյանք արժենալ, մտահոգվում է Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների նախկին պաշտպանը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Արդարադատության իսպառ բացակայություն». իրավապաշտպանը՝ Ադրբեջանում Ավանեսյանի դատավճռի մասինԱդրբեջանը 16 տարվա ազատազրկման դատապարտեց արցախցի Կարեն ԱվանեսյանինԱդրբեջանում դատվող Ավանեսյանի առողջության տեղեկանքը՝ փակի տակ. փաստաբանները չեն կարողանում այն ստանալ՝ ուղարկելու ՄԻԵԴ«Բաքուն լեգենդ է հյուսում». Ստեփանակերտի բնակիչ Ավանեսյանին Ադրբեջանում սպառնում է 18 տարվա ազատազրկում Ստեփանակերտի հայ բնակչի գործը ուղարկվել է դատարան Ըստ Ադրբեջանի ոստիկանության՝ Ստեփանակերտում ձերբակալվել է հայազգի Կարեն Ավանեսյանը, նա ձերբակալության ժամանակ վիրավորվել է