Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել․ ըստ փաստաբանի՝ ձերբակալված է

Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ այսօր կուսակցության գրասենյակից բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Ղումաշյանը:

Փաստաբան, «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակում ընդգրկված Արամ Վարդևանյանի տեղեկություններով՝ Ղումաշյանը ձերբակալված է:

Մելոյանը գործի մասին միայն հայտնեց, որ խոսքը բարեգործության արգելքի մասին է՝ առանց մանրամասների: Նա փոխանցեց, որ Ղումաշյանը նորածին երեխայի կերակրող մայր է: Ղումաշյանը երեք երեխաների մայր է, փոքրի 2 ամսականը դեռ չի լրացել:

«Ակնհայտ ապօրինի, անհիմն գործ է, իշխանության վախի դրսևորում», - պնդեց Մելոյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեն այս տեղեկությունը չի մեկնաբանում:

Կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված Մամիկոն Ասլանյանի տեղեկություններով՝ իրավապահների ձեռքի տակ ենթադրաբար Ղումաշյանի և մի գործարանատիրոջ զրույց է, որտեղ ասվում է, որ եթե «Ուժեղ Հայաստան»-ը հաղթի, գործարանը կունենա պատվերներ, շատ աշխատանք: «Զավեշտ է», - գնահատեց Ասլանյանը:

«Մեծ Հանրահավաքից հետո Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը։ Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը` Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին։ Փաշինյան, Հայաստանը չի՛ դառնա Ադրբեջան», - արձագանքել է Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը:

Այսօր հարցաքննության է հրավիրվել նաև կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանը: «Հավանաբար այլ հանգամանքներ են, նույն գործը չէ», - ասել է կուսակցության խոսնակը:

Ավելի մանրամասն՝ այստեղ