Գերմանիայի «Բեռլին-Բրանդենբուրգ» օդանավակայանը սեպտեմբերի 23-ի երեկոյան դադարեցրել էր աշխատանքը մոտակայքում նկատված անօդաչու թռչող սարքի պատճառով, տեղեկացնում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը։
Անօդաչու թռչող սարքը նկատվել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 20:00-ին։ Դրանից հետո Գերմանիայի Օդային երթևեկության կառավարման ծառայությունը (DFS) նախ փակել է հյուսիսային թռիչքուղին, ապա՝ հարավայինը։ Սահմանափակումները վերացվել են մեկ ժամ անց։
Ըստ գերմանական Dpa գործակալության՝ գերմանական օդանավակայաններից «Բեռլին-Բրանդենբուրգում» ամենաշատն են նկատվում անօդաչու թռչող սարքեր: 2026 թվականի առաջին վեց ամիսներին Օդային երթևեկության կառավարման ծառայությունն այնտեղ գրանցել է 28 անօդաչու թռչող սարք։ Յոթ դեպքում օդանավակայանը ստիպված է եղել փակվել մուտքային և ելքային չվերթների համար։ 2025 թվականի ընթացքում օդանավակայանի տարածքում նկատվել է ութ անօդաչու թռչող սարք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գերմանական ռազմական օդանավակայանի մոտ կործանված անօդաչուն հնարավոր է՝ զինված էր պայթուցիկովԴեպքը տեղի է ունեցել գերմանական օդանավակայանների և ռազմական օբյեկտների մոտակայքում կասկածելի անօդաչու թռչող սարքերի հայտնվելու մի քանի դեպքերի հետաքննության ֆոնին։
Օգոստոսին Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվեցին մի քանի անօդաչու թռչող սարքեր։ Ըստ որոշ տեղեկությունների, դրանցից մեկը զինված էր պայթուցիկներով և գտնվում էր ուկրաինական Ան-124 տրանսպորտային ինքնաթիռի մոտ, որը զինամթերք էր տեղափոխում։ Սեպտեմբերի 1-ին Գերմանիայի իշխանությունները Ռուսաստանին մեղադրեցին ենթադրյալ դիվերսիայի փորձի համար։ Մոսկվան հերքեց մեղադրանքները։
Սեպտեմբերի 23-ին հաղորդվեց, որ Վունշտորֆի ռազմական օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարքի մնացորդների մոտ հայտնաբերվել է նաև անհայտ նյութ, ենթադրաբար՝ պայթուցիկ նյութ։ Նյութի դատաբժշկական վերլուծությունը դեռևս չի ավարտվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գերմանական ռազմական օդանավակայանի մոտ անօդաչուի բեկորներ են հայտնաբերվելԳերմանիայի դաշնային դատախազությունը և Դաշնային քրեական գրասենյակը հետաքննում են, թե արդյոք Վունշտորֆի միջադեպը կապված է Լայպցիգի իրադարձությունների հետ։ Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը նմանատիպ կառուցվածք ունեն, և Վունշտորֆի մոտակայքում հայտնաբերված անօդաչուի առնվազն մեկ բաղադրիչ պատրաստվել է 3D տպիչով։
Վունշտորֆի օդանավակայանում տեղակայված են Գերմանիայի ռազմաօդային ուժերի Airbus A400M ռազմական տրանսպորտային ինքնաթիռները։