Մատչելիության հղումներ

Գերմանական ռազմական օդանավակայանի մոտ կործանված անօդաչուն հնարավոր է՝ զինված էր պայթուցիկով

Լայպցիգ/Հալլե օդանավակայանը Շկոյդիցում թռիչքուղու մոտ անօդաչուի հայտնաբերումից հետո, 5-օգոստոսի, 2026 թ.
Լայպցիգ/Հալլե օդանավակայանը Շկոյդիցում թռիչքուղու մոտ անօդաչուի հայտնաբերումից հետո, 5-օգոստոսի, 2026 թ.

Գերմանիայի Վունշտորֆ ռազմական օդանավակայանի մոտակայքում, որտեղ մեկ շաբաթ առաջ հայտնաբերվել էին անօդաչու թռչող սարքի մնացորդներ, անհայտ նյութ է հայտնաբերվել։ Հետաքննիչները կարծում են, որ այն կարող է պայթուցիկ լինել, գրում է Süddeutsche Zeitung-ը, ինչպես նաև NDR և WDR լրատվականները։

Լրատվամիջոցները նշում են, որ նյութի դատաբժշկական վերլուծությունը դեռևս չի ավարտվել։ Այն հայտնաբերվել է ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա այն վայրից, որտեղ հայտնաբերվել էին անօդաչու թռչող սարքի բեկորները:

Գերմանիայի դաշնային դատախազությունը և Դաշնային քրեական գրասենյակը հետաքննում են, թե արդյոք կապ կա այս միջադեպի և օգոստոսի սկզբին Լայպցիգի օդանավակայանի վրա տեղի ունեցած անօդաչու թռչող սարքի հարձակման միջև: Ըստ այս լրատվամիջոցների՝ Վունշտորֆում հայտնաբերված անօդաչու թռչող սարքը իր կառուցվածքով նման է Լայպցիգի անօդաչու թռչող սարքին: Հայտնի է նաև, որ դրա բաղադրիչներից առնվազն մեկը պատրաստվել է 3D տպիչի միջոցով:

Վունշտորֆի ռազմական օդանավակայանում տեղակայված են Գերմանիայի ռազմաօդային ուժերի Airbus A400M ռազմական տրանսպորտային ինքնաթիռները։

Օգոստոսին Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվեցին անօդաչու թռչող սարքեր, որոնցից մեկը հագեցած էր պայթուցիկ նյութերով և գտնվում էր ուկրաինական Ան-124 տրանսպորտային ինքնաթիռի մոտ, որը զինամթերքով էր բեռնված։

Սեպտեմբերի 1-ին Գերմանիայի ներքին գործերի և արտաքին գործերի նախարարությունները Ռուսաստանին մեղադրեցին Լայպցիգում դիվերսիայի փորձի համար: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարեց, որ անօդաչու թռչող սարքի կառուցվածքը, բաղադրիչները, պայթուցիկ նյութերը և դետոնացիոն համակարգերը նույնական են այն համակարգերին, որոնք Ռուսաստանը օգտագործել է Ուկրաինայի դեմ պատերազմում և այլ հիբրիդային գործողություններում:

Ավելի ուշ Գերմանիան հայտարարեց, որ Լայպցիգի օդանավակայանի վրա հարձակման կասկածյալները ՌԴ քաղաքացիներ են:

Սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն կանչվեց Մոսկվայում Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բերնդ Ֆինկեն։ Արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ դիվանագետին հայտնել էին, որ «ռուսական կողմը վճռականորեն մերժում է պաշտոնական Բեռլինի կողմից Լայպցիգի օդանավակայանում ենթադրյալ միջադեպին Ռուսաստանի ներգրավվածության վերաբերյալ հնչեցված բացարձակապես անհիմն մեղադրանքները»։

Սեպտեմբերի 1-ին Գերմանիայի իշխանությունները հայտարարեցին Բեռլինում Ռուսական տան և երկրում վերջին ռուսական հյուպատոսության փակման որոշման մասին: Օրեր անց Ռուսաստանը հայտարարեց, որ փակում է Գերմանիայի հյուպատոսությունը Պետերբուրգում և Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերը:


XS
SM
MD
LG