Արտաքսման մեջ գտնվող բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայան AFP-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրը չպետք է դառնա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար «մխիթարական մրցանակ»՝ Ուկրաինայի պատերազմի ավարտին ուղղված ակտիվ ջանքերի ֆոնին։
Տիխանովսկայայի խոսքով՝ կարևոր է, որպեսզի Ուկրաինան հաղթի իր պայքարում, սակայն Բելառուսը, որը ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ղեկավարությամբ Մոսկվայի սերտ դաշնակիցն է, չպետք է զոհաբերվի։
Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցողները երեկ բանակցություններ են անցկացրել Ժնևում՝ Ռուսաստանի ներխուժումը դադարեցնելու ուղղությամբ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ մարտին Աբու Դաբիում կարող են կայանալ Ուկրաինա- Ռուսաստան - ԱՄՆ ձևաչափով լրացուցիչ բանակցություններ։
Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինան իր զորքերը դուրս բերի այն տարածքներից, որոնք դեռ վերահսկվում են Կիևի բանակի կողմից՝ առաջարկ, որը Զելենսկին մերժել է։ Մոսկվան նաև հայտարարել է, որ հակամարտության ավարտի վերջնաժամկետ չկա։
Տիխանովսկայան նշել է, որ եթե Ռուսաստանը հասնի իր պայմանների ընդունմանը, Բելառուսում տասնամյակներով կպահպանվի ներկայիս իրավիճակը, և երկիրը կարող է օգտագործվել որպես հենակետ՝ տարբեր տեսակի զենքերի տեղակայման, լարվածության սրման և հարևաններին երկար տարիներ սպառնալու ու շանտաժի ենթարկելու համար։
Ռուսաստանը 2022 թվականին հենց Բելառուսի տարածքից էր սկսել Ուկրաինայի դեմ ներխուժումը, իսկ 1994 թվականից իշխանության ղեկին գտնվող Լուկաշենկոն դեկտեմբերին հայտարարել էր, որ իր երկրում տեղակայվել են ռուսական բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են կրել միջուկային մարտագլխիկներ։
Տիխանովսկայան նաև հայտնել է, որ ցանկանում է, որ Եվրամիությունը խստացնի Լուկաշենկոյի կառավարության նկատմամբ պատժամիջոցները՝ Ուկրաինայի պատերազմում նրա դերակատարության պատճառով։
«Բելառուս ժողովուրդը ցանկանում է լինել եվրոպական, թեև ընդունում եմ, որ Լուկաշենկոյի 30 տարվա իշխանությունը կդժվարեցնի ԵՄ անդամակցության արագ գործընթացը», - ասել է արտաքսման մեջ գտնվող բելառուս ընդդիմադիր գործիչը։