Բայրամով․ «Հայկական ագրեսիայի հետևանքով անհայտ է 4 հազար ադրբեջանցիների ճակատագիրը»

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

«Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է 4 հազար ադրբեջանցիների ճակատագիրը», - այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Այդ մարդկանց ճակատագրերի հստակեցման առումով կարևոր է Հայաստանի կողմից զանգվածային գերեզմանների, հուղարկավորությունների փաստերի և ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը», - նշել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն հայկական կողմին է փոխանցել ավելի քան 2 հազար հայ զինծառայողների մարմինները։

Երևանը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է՝ պատրաստ է անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար համագործակցել Ադրբեջանի հետ:

Հայաստանը 2020-ից հետո Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմիններ, ինչպես նաև 90-ականներին զոհված 140 ադրբեջանցիների ոսկորներ։

Իսկ Բաքվի նշած 4 հազար թիվը Երևանում կասկածի տակ են դնում՝ շեշտելով՝ այդ մասին տեղեկություններ չունեն, իսկ անհետ կորածների թվի ճշգրտումը երկար գործընթաց է։

Հայաստանն, իր հերթին, շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է շուրջ 200 հայ զինվոր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծումՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովի հերթական նիստըԱռաջարկվում է Երևանի և Բաքվի միջև անհայտ կորածների հարցով ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովի նիստըԸստ իրավապաշտպանների՝ Բաքուն հետաքրքված չէ անհետ կորածների ճակատագիրը բացահայտելու հարցով