Վստահությամբ կարելի է ասել, որ Բաքվի և Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է, այսօր Մոսկվայում իր ռուս պաշտոնակցի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ պնդելով, թե Բաքվի նախաձեռնություններն են նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը։
Չնայած այս հայտարարություններին՝ Բաքուն հրաժարվում է ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, որը նախաստորագրվել է անցած տարի՝ Վաշինգտոնում։
Անցյալ շաբաթ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկնել էր, որ փաստաթուղթը կարող է ստորագրվել միայն այն բանից հետո, երբ «Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ակնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները կհեռացվեն Հայաստանի Սահմանադրությունից․ Բայրամով«Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրված է և բաց է հանրության համար։ Ադրբեջանի մոտեցումն այս հարցում սկզբունքային է։ Պետության պաշտոնական դիրքորոշումն արդեն ներկայացրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել», - ասել էր նա։
Բաքուն իր նկատմամբ տարածքային պահանջ է համարում Անկախության հռչակագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումը։