Ստեփանակերտի Մայր տաճարը քանդվել է, այս մասին հաստատում է «Ազատություն» ռադիոկայանի ապրիլի 26-ին արված արբանյակային լուսանկարները:
Ապրիլի կեսերին հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, որ Ստեփանակերտում գտնվող Սուրբ Աստվածածնի մայր տաճարը ոչնչացվել է, սակայն այդ վայրի վերաբերյալ հստակ ու վերջերս արված պատկերներ հասանելի չէին։
Այս պատկերները ցույց են տալիս Սուրբ Աստվածածնի տաճարը 2025 թվականի վերջին (վերևում) և նույն վայրը ապրիլի 26-ին։
Ստեփանակերտում տաճարի շինարարությունը սկսվել է 2006 թվականին, իսկ վայրn օծվել է 2019 թվականին։
Բացի այն, որ այն ծառայում էր որպես քաղաքի հիմնական աղոթատեղի, դրա նկուղը փրկության տարածք դարձավ արցախցիների համար պատերազմների ժամանակ. այստեղ պատսպարվում էին հազարավորներ։
Սուրբ Աստվածածնի տաճարը 2023 թվականի սեպտեմբերին:
«Ազատություն» ռադիոկայանի լուսանկարները հաստատում են, որ վերջին շաբաթների ընթացքում մայր տաճարից բացի ոչնչացվել է նաև Սուրբ Հակոբ եկեղեցին, որը քաղաքի մեկ այլ քրիստոնեական կարևոր վայր էր։
Ստեփանակերտի հյուսիսում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցին, լուսանկարվել է մինչև Ադրբեջանի կողմից ԼՂ-ի գրավումը: (Լուսանկարը՝ monumentwatch.org-ի թույլտվությամբ):
Սուրբ Հակոբ եկեղեցու կառուցումն ավարտվել է 2007 թվականին, ֆինանսավորվել է ամերիկահայ բարերարի կողմից՝ ի հիշատակ իր մահացած որդու։
Ստեփանակերտի հյուսիսում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցին, լուսանկարված է 2025 թվականի վերջին (վերևում) և նույն վայրը՝ ապրիլի 26-ին։
Ապրիլի 23-ին Մայր Աթոռը խստորեն դատապարտել է Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը։ Էջմիածինը հայտարարությամբ շեշտել է՝ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից։
Մայր Աթոռը Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու մայր տաճարի անհետացումից բացի, նշել է նաև Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և հարակից տարածքում գտնվող խաչքարերի ու կոթողների ոչնչացման մասին:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլնարե Ակիմովան ապրիլի 22-ին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է, որ եկեղեցիների ոչնչացման մասին պնդումները «ռևանշիստական ուժերի սադրանք են»՝ Բաքվի հեղինակությանը վնասելու համար։
Պատգամավորը պնդել է, թե իր երկիրը «երբեք չի քանդում պատմական կամ մշակութային հուշարձաններ, կառավարությունը փորձում է պահպանել դրանք»:
Սուրբ Աստվածածին տաճարի գմբեթը, լուսանկարված է 2018 թվականին (ձախից) և նույն վայրից նկարահանված տեսանյութից կադր՝ 2026 թվականի ապրիլին:
Ապրիլի 24-ին «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է տաճարից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող հյուրանոցի աշխատակցի հետ։ «Ազատություն» ռադիոկայանին տղամարդը հեռախոսով սկզբում ասել էր, որ ինքը որևէ տեղեկություն չունի տաճարի վիճակի մասին, ապա ասել, որ «հյուրանոցի շուրջն ամեն ինչ տեղում է», նախքան պնդելը, որ տաճարը դեռևս տեղում է։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել այս հոդվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու խնդրանքին։
Փետրվարի սկզբին սոցիալական ցանցերում հրապարակված գրառումը (վերևում) ցույց է տալիս, որ տաճարի շուրջ տեղադրված է եղել շինարարական ցանկապատ։ Ենթադրվում է, որ շենքը քանդվել է մինչև ապրիլի սկիզբ։
Ավելի քան 100,000 էթնիկ հայեր լքեցին Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները Բաքվի կողմից սկսված մի շարք ռազմական հարձակումների հետևանքով, որոնք գագաթնակետին հասան 2023 թվականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի լիակատար գրավմամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (կենտրոնում) ծաղիկներ է դնում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ապրիլի 24-ին։
Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական սրբավայրերի ոչնչացման մասին վերջին հաղորդումները հակասություններ են առաջացրել Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ. քննադատները մեղադրում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդիրը չլուծելու համար:
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ կառավարությունը փորձում է ամբողջացնել տեղեկատվությունը, միևնույն ժամանակ նշել, որ պետք է շրջահայաց լինել:
«Չեմ կարծում, թե մեր նախորդ փորձը հաշվի առնելով՝ դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: